«Ռուսաստանն ու Իրանն ահաբեկչության և պանթուրքիզմի թիրախ են». Դավիթ Բաբայան

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Բաքու։ Այս մասին հայտնել էր Ռիա Նովոստին։

Թուրքիայի երկու նախարարներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմից անմիջապես հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ավելի հաճախ մեկնել Բաքու։

168.am-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով  Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած Բաքու այցերին,  նշեց՝ գաղտնիք չէ, որ այդ երկու պետությունները դարձել են մեկ ընդհանուր մարմին։

«Ցանկացած այցելություն կոորդինացնում ու ամրապնդում է այդ երկրների համատեղ գործունեությունն ու քայլերը, այս տեսակետից պետք է դիտարկենք նման այցերը։ Կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Սակայն, անկախ նման հանդիպումներից, պատերազմն ընթանում է, և Արցախն էլ մարտնչում է»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, այդ թվում՝ փորձագետների, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Արցախյան ճակատ բերված ահաբեկիչների դեմ պայքարում պետք է ձևավորել Հայաստան-Ռուսաստան-Իրան հակաահաբեկչական կոալիցիա և պայքարել ահաբեկիչների դեմ, Դավիթ Բաբայանը նկատեց՝ շատ լավ կլիներ, եթե նման բան տեղի ունենար։

«Ռուսաստանն ու Իրանն ահաբեկչության և պանթուրքիզմի թիրախ են։ Այդուհանդերձ չպետք է կտրվենք նաև իրականությունից, այո, Իրանն ահաբեկչության և պանթուրքիզմի թիրախ է, բայց ամեն մի երկիր ունի իր ոճն ու քաղաքականությունը։ Պետք է հաշվի առնենք այդ երկրների յուրահատկությունը, մասնավորապես՝ Իրանի, որը մահմեդական, բազմազգ երկիր է, այնտեղ կան նաև էթնիկ թուրքեր, որոնք նաև իշխանություն են ներկայացված։ Սակայն սա չի նշանակում, որ նրանք ազգայնամոլ են, այնտեղ կա իրանական, շիական ազգային ինքնագիտակցություն։ Այո, Իրանն ահաբեկիչների կողմից թիրախավորված է, բայց ավելի հավասարակշռված, բազմակողմանի ձևով է մոտենում հարցին։ Ես նորից եմ ուզում կրկնել, որ մենք արմատական փոփոխություն պետք է մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ։ Պետք է զարգացած լինեն ռուսագիտությունը, իրանագիտությունը, թուրքագիտությունը, քրդագիտությունը, վրացագիտությունը, այս ուղղությունները պետք է լինեն առաջնային։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց դա հետո, այս պահին ամենակարևորը Արցախն է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելուն և նրա կառավարությունից սպասվող ակնկալիքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ նախ՝ պետք է սպասել վերջնական արդյունքներին, սակայն բոլորը նրան շնորհավորում են ընտրվելու կապակցությամբ։

«Սա Միացյալ Նահանգների ժողովրդի ընտրությունն է, և մենք պետք է հարգենք ցանկացած ընտրություն, մեր գործը չէ, թե ով է սխալ կամ ճիշտ։ ԱՄՆ-ը յուրահատուկ երկիր է, այո, երկրի նախագահը կարող է ինչ-որ փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքականության մեջ, բայց ընդհանուր առմամբ դա համակարգ է, վաղուց ստեղծված գործուն համակարգ։ Այնպես է կառուցված, որ անկախ ղեկավարության փոփոխությունից՝ այն իր կայունությունը պահպանի։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Ջո Բայդենը կիրականացնի իր տված խոստումները։ Սակայն պարզ էր, որ նախընտրական փուլում այդ երկրի ուշադրությունը շեղված է աշխարհաքաղաքական զարգացումներից, հիմա կարծում եմ՝ այնտեղ կկենտրոնանան այդ խնդիրների վրա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս