«Չորսին հասցրի դուրս բերել, հինգերորդին հանելիս վիրավորվեցի․․․»․ ավագ լեյտենանտ
hayzinvor.am-ը գրում է․ «Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը: Սակայն այստեղ՝ թիկունքում էլ ուշի-ուշով հետևում են ռազմաճակատում ընթացող մարտագործողություններին, կռվող իրենց զինակից ընկերներին և ձգտում օր առաջ լավանալ ու շարք վերադառնալ, շարունակել կիսատ թողած գործը:
Ավագ լեյտենանտ Գառնիկ Գալստյանը ռազմի դաշտում կռվել է թե՛ որպես հրետանավոր, թե՛ որպես մոտոհրաձիգ: Մասնակցել է Արցախի հարավում՝ Ջաբրայիլի համար մղվող մարտերին: Բեկորային վնասվածքներ է ստացել վիրավոր ընկերներին մարտերի ամենաթեժ գոտուց դուրս բերելիս: «Չորսին հասցրի դուրս բերել, հինգերորդին հանելիս վիրավորվեցի: Ինձ էլ մեր հակատանկային ստորաբաժանման տղաները դուրս բերեցին»:
Գառնիկը լավ մարզիկ է: Ծառայության ընթացքում մասնակցել է բազմաթիվ համաբանակային սպարտակիադաների, ԱՊՀ մակարդակով մրցումներում արժանացել է արծաթե մեդալի: «Պառկած այս վիճակը շատ դժվար է ֆիզիկապես ակտիվ մարդու համար: Որոշել եմ՝ հենց ոտքի կանգնեմ, ֆուտբոլ եմ խաղալու: Ու, իհարկե, նորից մեկնելու եմ առաջնագիծ: Ընկերներիս, որ այժմ վիրավոր են, շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: Քա՛ջ եղեք, բոլորս էլ ոտքի ենք կանգնելու ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը: Հայ ազգը միշտ եղել է, կա ու կլինի»: Մարտընկերներին դիմելով էլ ասում է. «Դուխո՛վ: Միայն առաջ»:
Պայմանագրային Արայիկ Ֆահրադյանը 2017 թ-ից ծառայել է Մատաղիսում:
«Մեր բոլոր տղաները, հատկապես 18 տարեկանները բոլորն էլ հերոսներ են: Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք մարտական գործողությունների մասին ու շտապեցինք դիրքեր, արդեն տղաները կազմակերպել էին պաշտպանությունը, հասցրել էին տանկեր խոցել: Ցանկացած պայմանագրայինի համար ժամկետային զինծառայողն իր զավակն է: Տղաներիս ուզում եմ ասել՝ «Ամո՛ւր կանգնեք, տղե՛րք ջան, մինչև գանք հասնենք ձեզ»: Սա Արայիկի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ գլխից է վիրավորվել: Բուժօգնություն է ստացել ու էլի գնացել դիրքեր: Երկրորդ անգամ վիրավորումը շատ ավելի լուրջ էր: «Կիսատ է մնացել մեր գործը: Փոխօգնությունը մեր զորքի ամենամեծ ուժն է, իսկ թուրքն այն ազգն է, որ իր վիրավոր, զոհված ընկերներին ոտքի տակ տալով՝ փախչում է մարտի դաշտից: Այստեղ պառկած հիմա մեր ամենամեծ ցավը դա է. տղաներն առանց մեզ են կռվում: Պետք է շուտ լավանանք, գնանք, կանգնենք մեր ընկերների կողքին»:
Եսայի Ֆիլիկյանը նշանառու հրետանավոր է: Տարիներ առաջ ծառայել է Արցախում, իսկ այժմ՝ պատերազմի հենց սկզբից, մարտադաշտում էր, կատարում էր հրետանավորի իր պարտականությունները: Բազմաթիվ վնասվածքներ ունի Եսային: Աջ ձեռքը արմունկից վերև կտրված է, բայց երիտասարդի ոգին ամուր է ու աներեր. «Մենք թեթև ենք տանում ամեն ինչ: Պատերազմ է: Ճիշտ է՝ այս պահին վիրավոր ենք, բայց այս վիճակում էլ, եթե պետք լինի, կգնանք: Սրանք մեր հողերին տիրանալու՝ Թուրքիայի սադրած կռիվներն են: Չի՛ հաջողվելու: Չե՛նք թողնելու:
Այնտեղ՝ մարտի դաշտում, մեկս մյուսի համար ենք գործում, մեկս մյուսիս ուժ ենք տալիս, հասնում ենք ամենանեղ պահին: Այնտեղ բոլորիս մտքում նույն բանն է. բոլորս կազմակերպված, միահամուռ ուժերով ոչնչացնում ենք մեր հողին ոտք դրած թշնամուն: Լավ հակահարված ենք տվել, մեր տեղամասում լավ ցավեցրել, հետ ենք շպրտել թշնամուն: Մեծ թվով «Գրադ» կայանքներ ենք ոչնչացրել, այլ զինտեխնիկա: Մեր տղաները լիովին տիրապետում են իրավիճակին: Վիրավորներ էլ ենք ունենում, զոհեր էլ… Պատերազմ է. խաղ ու պար չի: Միևնույն է՝ հաղթանակը մերն է լինելու: Այլ տարբերակ չկա»:
«Ես Արարատի մարզի ՀԱԲ-ի ջոկատի հրամանատարն եմ,- ներկայանում է ծերունազարդ գնդապետը՝ Հրաչյա Մարտիրոսյանը, որ 1990-ական թթ. մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Օրեր առաջ վիրավորվել է Մատաղիսում,- մականունս «Սեդոյ» է: Տղաներս, որ էստեղ են լինում, գալիս են տեսության, ասում են.
«Կամանդի՛ր ջան, շուտ ոտքի կանգնիր, իրար հետ գնանք»: Ու գնալու ենք: Ինձ ի՞նչ է եղել, որ: Արագ ոտքի կկանգնեմ ու մեր տղերքի հետ էլի կմեկնեմ առաջնագիծ: Հայը երբեք չի պարտվել: Մեր պատիվը, մեր արժանապատվությունն ենք պաշտպանում: Մեր ամեն հայ ռազմիկ տասը թուրք արժի: Մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ ենք կռվելու մեր սահմանների, մեր հայ ազգի մաքրության, սրբությունների համար: Քրոջս ամուսինը, որդին էլ առաջին օրվանից ռազմադաշտում են: Չեն սպասել մինչև իրենց կանչեն զինկոմիսարիատ. հենց լսել են՝ Հայրենիքը վտանգված է, անմիջապես շտապել են ռազմի դաշտ:
Եթե առաջին Արցախյան պատերազմը լիներ, թուրքն արդեն վաղուց էր թողել, փախել: Հիմա նրանց օդուժն է հարցեր լուծում: Դեմ առ դեմ՝ տղամարդավարի կռիվ չկա: Բայց դրանով էլ չի կարող հաղթել. մենք համբերատար ենք, հզոր, ու մեզ հայ են ասում:
Թուրքը թող խելքը գլուխը հավաքի ու հասկանա, որ հային կոտրել չի կարող: Դեռ 1915 թվից հասկացել են, որ չեն կարող մեզ վերացնել: Հիմա էլ թող իմանան, որ կրակի հետ են խաղում: Այս խաղի վերջը նրանց պարտությունն է»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ