«Ես նստել եմ Ալեքսանդր 2-րդի օրոք, Ալեքսանդր 3-րդի օրոք, Նիկոլայ 2-րդի օրոք…». Արցախի երեք պատերազմների մասնակից ազատամարտիկ

Սեպտեմբերի 27-ից Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մարմարաշենցի ազատամարտիկ Արսեն Հարությունյանի համար արդեն երրորդ պատերազմն է, որին նա մասնակցում է։ 1990-ականներին Արցախյան հերոսամարտի հենց առաջին օրերին նա կամավորագրվեց և մեկնեց ճակատ, 2016 թվականին կրկին կամավորագրվեց, նույնն արեց նաև այս պատերազմի ժամանակ։

Մինչ 168.am-ի հետ զրույցը սկսելը, Արսեն Հարությունյանն Արցախյան պատերազմներին իր մասնակցության մասին կատակեց ու մեջբերեց «Ոսկե հորթը» հայտնի ֆիլմից հետևյալ միտքը՝ «Ես նստել եմ Ալեքսանդր 2-րդի օրոք, Ալեքսանդր 3-րդի օրոք, Նիկոլայ 2-րդի օրոք…»:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախում սկսված պատերազմի մասին լուրն առնելուց մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, նա արդեն կամավորագրվել է և մեկնել Արցախ։

Արցախի երկու պատերազմների թոհուբոհով անցած 55-ամյա ազատամարտիկի համար այս երրորդ պատերազմն այլ է, քանի որ հայկական կողմը կռվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու նրա հովանավորյալ վարձու ահաբեկիչների դեմ։

Պատմում է, որ Արցախ մեկնել է եղբոր որդու՝ Վարդան Հարությունյանի հետ, ում երկու տղաները նույնպես Արցախում են եղել։ Արցախ հասնելուց հետո, երբ եղբոր տղան արդեն գնացել էր որդիների մոտ, ինքն էլ միացել է ընկերներին և մեկնել բոլորովին այդ ուղղությամբ։

«Պատերազմ է, իր լավ ու վատ կողմերով, պետք է դիմանանք, փառք ու պատիվ մեր բանակին, զինվորներին։ 90-ականներին մտածում էինք, որ ամեն ինչ կվերջանա, բայց բանից պարզվեց, որ չվերջացավ։ 90-ականների երեխեքն այսօր 30 տարեկան են, բայց 2000-2002 թվականների երեխեք են այսօր նորից զոհվում ու ավելի շատ բան են անում… Իսլամիստների դեմ են մեր երեխեքը կռվում ու լավ են կռվում, այնպես չէ, որ վախենում են, 50 դոլար ստացող ահաբեկիչը 2 հազար դոլարի համար ամեն ինչ էլ կանի, էլի։ Նրանք չգիտեն էլ, թե ուր են գալիս, մտածում են, հենց հասնեն Արցախ՝ հաղթելու են, բայց արդեն զգացել են՝ ուր են եկել, կամաց-կամաց փախնում են ու փախնելու են»,- պատմում է ազատամարտիկը։

Նրա խոսքով՝  թշնամու գործելաոճը նույնն է, չի փոխվել՝ նույն վայրագությունները, ոճրագործությունները։

«Չգիտեմ՝ այդ ազերիներն ինչ արյունից են սերված, դրանք քոչվոր ցեղ են, անհայրենիք։ Մենք լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչպես և ում միջոցով է առաջացել։ Հայերը մեր լեռների պես կանգուն են, իսկ թշնամին վերանալու է,- հավելում է Ա. Հարությունյանը և կատակում,- Դե Վանգան ասել է, որ Ադրբեջանը մի 2-3 տարուց վերանալու է։ Մենք հաղթելու ենք, որևէ մեկը թող չկասկածի, հայը երբեք չի պարտվի, չկա նման բան»։

Ազատամարտիկ Արսենն ափսոսանքով է արձանագրում, որ հայերը միայն էքստրեմալ պայմաններում են մեկ բռունցք դառնում, եթե միասնական լինեն նաև ոչ պատերազմական օրերին, ապա թշնամին կվախենա, նույնիսկ չի էլ համարձակվի հարձակվել հայկական սահմանների վրա։

Ազատամարտիկի համար Հայաստանը, Արցախը և սփյուռքը միմյանցով հզոր են։

«Թշնամին թող նավթ ու գազ ունենա, ինչ ուզում են թող ունենա, բայց նա մարդկային սեր չունի, ամեն ինչ չէ, որ փողով է։ Այդ զենքերն էլ որ ունեն, մի օր վերջանալու են, մենք նոր ենք զինվում, թող սպասեն այդ հակահարվածին՝ շուտով։ Մեր հաղթանակի առաջին գրավականը բանակն ու զինվորն են, այնուհետև՝ միասնականությունը, հզորությունը։ Ես միշտ ասել եմ, որ 1994 թվականին մենք ճիշտ զինադադար չենք կնքել, այդ ժամանակ Ադրբեջանը ծնկի էր եկել ու զինադադար էր խնդրում, բայց մեր ղեկավարությունը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, ճիշտ պայմանագիր չկնքեցին։ Այն ժամանակ, որ մեր ուզածը պնդեինք, այդ պայմանագիրը կնքված կլիներ, հարցերն էլ լուծված կլիներ։ 2016 թվականին էլ են իրենք զինադադար խնդրել։ Արի ու տես, որ այս 4 տարվա մեջ նորից զինվեցին ու հարձակվեցին։ Մենք մեր բնագծերը պետք է վերականգնենք ու մի բան էլ առաջ գնանք։ Պետք է ճանաչեն Արցախի անկախությունը, եթե Թուրքիան մեկ շաբաթով հետ կանգնի Ադրբեջանին աջակցելուց, մենք մեր հարցերն այդ մեկ շաբաթում կլուծենք»,- համոզված ասում  է Արսեն Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս