«Անձն ամբողջությամբ խոստովանել է մեղքը». ԱԱԾ աշխատակիցը՝ զինվորի ընտանիքից գումար վերցնելու փորձի մասին

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացի Հ.Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ.Մ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  կողմից Արցախի  դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, փորձել է խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակել զինծառայողի ընտանիքից՝ ներկայացնելով, թե իբր զինծառայողն Ադրբեջանում գերության մեջ է: ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց.

«Այդ մարդը պատահական խարդախ չէ, մի քանի անգամ խարդախություններ կատարել է, փորձառու մեկն է: Այս անձը հունիսին է ազատ արձակվել, դուրս եկել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ առանց ուղղվելու՝ կրկին կատարել է հանցագործություն: Նա ներկայացել է ԱԱԾ աշխատակից, ինչպես հաղորդագրության մեջ նշված է, բարեբախտաբար, կանխվել են նրա հանցավոր գործողությունները, և իր պահանջած 3000 ԱՄՆ դոլար գումարի մի մասը ստանալու պահին բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ներկայում անձը կալանավորված է»:

ԱԱԾ պաշտոնյան իրազեկեց նաև, որ իրենց տվյալներով՝ կան տվյալ անձի գործողություններից տուժած այլ մարդիկ ևս, և չնայած հաղորդագրությամբ  իրենք հորդորել են դիմել պատկան մարմիններին,  դիմումներ դեռ չեն ստացել:

«Դեռևս նախաքննական մարմնին այդ դիմումները չեն հասել, բայց դա չի նշանակում, որ չկան, որովհետև անձն իրավունք ունի դիմելու ցանկացած իրավապահ մարմին, Ոստիկանության ցանկացած ստորաբաժանում կարող է գնալ, գրավոր հաղորդում ներկայացնել տվյալ հանցագործության մասին, և Ոստիկանությունը պարտավոր է հանցագործության մասին հաղորդումն ընդունելուց հետո ըստ քննչական ենթակայության ուղարկել վարույթն իրականացնող մարմնին, այս դեպքում՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննություն իրականացնելու համար»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին, թե այդ անձը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞լ է, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց.

«Ապացույցների ճնշման տակ, որոնք շատ ակներև են եղել, խոստովանական ցուցմունք է տվել, ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը: Կոնկրետ դեպքում հանդես է եկել՝ որպես պաշտոնատար անձ՝ ԱԱԾ աշխատակից, և իբրև թե իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու, այն է՝ Ադրբեջանի Հանրապետությունում գերեվարված զինծառայողին ՀՀ տեղափոխելու համար պահանջել է որոշակի գումար, կոնկրետ դեպքում՝ 3000 ԱՄՆ դոլար, իր արարքում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով  խարդախության փորձ կատարելու հանցակազմ է առկա՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով նախատեսված»:

ԱԱԾ աշխատակիցը նպատակահարմար չհամարեց տեղեկատվություն հայտնել այն զիծառայողի մասին, որի ընտանիքից փորձել է գումար շորթել Հ.Բ.-ն:  Ավետիսյանը նաև հայտնեց, որ հանցակիցների մասին վարույթն իրականացնող մարմինը դեռևս տեղեկություն չունի, սակայն վստահեցրեց, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են  հանցավոր սխեմայում ընդգրկված հանցակիցներին պարզելու և բոլորին օրենքի ողջ խոստությամբ պատժելու համար:

Տեսանյութեր

Լրահոս