Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆրիկան համարել է երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը
Աֆրիկան Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է, ներկայում աշխատանք է տարվում ռուս-աֆրիկյան փոխգործակցությանը համալիր եւ համակարգային բնույթ տալու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Այսօր Աֆրիկան վստահորեն ընթանում է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական զարգացման ուղիով: Հանդես է գալիս որպես միջազգային հարաբերությունների ակտիվ եւ պատասխանատու մասնակից: Ավելի զգալի է դառնում աֆրիկացիների կողմից սեփական բացառիկ եւ յուրօրինակ մշակութային ինքնության գիտակցումը:
Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններն ունեն երկար պատմություն եւ կառուցվում են համագործակցության ու փոխադարձ վստահության սկզբունքների վրա: Աֆրիկան դառնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւոր գերակայություններից մեկը»,-ասել է Բոգդանովը՝ հանդես գալով Երկրորդ Ռուս-աֆրիկյան հասարակական համաժողովի ընթացքում:
Նա նշել է, որ Ռուսաստանին եւ Աֆրիկայի երկրներին միավորում են ընդհանուր մոտեցումները կոլեկտիվ հիմունքներով համաշխարհային խնդիրների լուծման հարցում՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի պայմաններում: Բացի այդ, փոխնախարարը նշել է, որ ռուս-աֆրիկյան գործընկերությունն ունի լավ, երկարաժամկետ հեռանկարներ:
«Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի հաջողությունը հզոր ազդակ է հաղորդել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Ազդակները, որոնք մենք ստանում ենք աֆրիկյան մայրաքաղաքներից, վկայում են մեր երկրի հետ գործընկերության ընդլայնման տրամադրվածության ամրապնդման մասին: Ակտիվ աշխատանք է տարվում ռուս-աֆրիկյան փոխգործակցությանը համալիր եւ համակարգային բնույթ տալու ուղղությամբ»,-նշել է փոխնախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: