«Ձեթը հոկտեմբերին արդեն թանկացել էր, քանի որ դա հիմնականում ներկրվող ապրանք է, իսկ Ռուսաստանում արդեն 20 % թանկացել էր». Կարեն Չիլինգարյան

Երեկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ փաստեց, որ կարագի, ձեթի և ալյուրի գները բարձրացել են, սակայն դա կապված է սեզոնի և ներմուծման գների հետ: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ 168.amի հետ զրույցում ասաց, որ գների զգալի տատանումներ չի նկատել:

«Ձեթը հոկտեմբերին արդեն թանկացել էր, քանի որ դա հիմնականում ներկրվող ապրանք է, իսկ Ռուսաստանում արդեն 20 % թանկացել էր, այնպես որ, պետք է հաշվի առնենք նաև դա, այնպես չէ, որ միայն մեզ հետ է կապված, նաև Ռուսաստանի հետ է կապված: Ալյուրի գնի տատանում չեմ նկատել, բայց քանի որ ալյուրը, ձեթը, նաև կարագը ներկրվող ապրանքներ են, իհարկե, դրանց գները կախված են արտահանող, արտադրող երկրից: Եթե վերցնենք հոկտեմբեր ամիսը, ապա սեպտեմբերի հետ համեմատած՝ թանկացում եղել է, քանի որ դրսում է թանկացում եղել, իսկ այս պահին եթե համեմատենք նոյեմբերի սկիզբը հոկտեմբերի հետ, տատանումը չնչին կարող է լինել: Խոսքը, կարծում եմ, 2-3 տոկոս թանկացման մասին է: Մեծ տատանումներ մենք չենք նկատել: Հաստատ համոզված եմ, որ 5, 10, 15%-ի տարբերություններ դժվար լինեն»,- ասաց Չիլինգարյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կարագի, ձեթի և ալյուրի շուկան չեն ուսումնասիրել, փոխարենը՝ ուսումնասիրել են, օրինակ, այնպիսի ապրանքների շուկաներ, որոնք անմիջականորեն կապված են պատերազմական իրավիճակի հետ:

«Մենք այս փուլում սկզբից ուսումնասիրել ենք ծաղիկների շուկան, ինչո՞ւ ենք ուսումնասիրել, քանի որ կարծում էինք, որ, ցավոք, հնարավոր է՝ չարաշահումներ տեղի ունենան, և կային, հետո ուսումնասիրեցինք այն հիմնական ապրանքները, որոնք այս պահին, այսպես ասած, առաջին անհրաժեշտության են և ուղարկվում են առաջնագիծ, այդ թվում՝ ներքնազգեստի շուկան, և այլն: Ի ուրախություն ինձ, միակ տեղը, որտեղ ընդհանրապես չարաշահում չկար, հենց այստեղ էր, դեռ ավելին, որոշ դեպքերում զեղչեր էին»,- ասաց Պիպոյանը և ավելացրեց, որ թանկացումներ նկատել են նաև զինվորական համազգեստի շուկայում, ինչի մասին ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարել է:

Գեղամ Գևորգյանը նշել էր, որ համատարած թանկացում չունենք:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ համատարած թանկացումներ շատ հազվադեպ են լինում, երբ ամեն ինչն անընդհատ թանկանում է, սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե թանկացող ապրանքը մեր ընդհանուր  սպառման 50 անուն ապրանքների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ նման ուսումնասիրություն չի արվել, համենայն դեպս, դրա մասին տեղեկություն հրապարակված չէ։

Տեսանյութեր

Լրահոս