«Երեք անգամ Ադրբեջանը խախտել է համաձայնությունը, որովհետև ուղղորդվել է իր այլ դերակատարի՝ Թուրքիայի  կողմից». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցության վերաբերյալ խորհրդակցությունների հետ կապված անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են։

«Շատ բան հիմա չեմ կարող ասել, բայց այն ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ որ անհրաժեշտ է, հիմա արվում է։ ՌԴ-ի հետ 1997 թվականի պայմանագիրն այն բազային պայմանագիրն է, որից բխում են նաև գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից սպասվող աջակցության չափերի և ձևերի վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ հենց նույն ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով ըստ էության պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հետ այս ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երեք անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն իրենց անմիջական ներդրումն են ունեցել այդ հանդիպումների մեջ՝ զինադադարի հասնելու առումով, երեք անգամ Հայաստանը լրաջագույնս ներգրավվել է դրանում և ապահովել իր համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը։

«Երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև հավանաբար նա երեք անգամ ուղղորդվել է իր այլ դերակատարի՝ Թուրքիայի  կողմից։ Եվ մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանտու և հետևողական իր համաձայնությունն իրականացնելու համար։ Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ և ոչ միայնակ՝ համանախագահող երկրների հետ՝ հիմքում դնելով այն չորս կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, այդ կետերը վերահաստատվել են նաև մյուս կետերի մեջ, այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովն ինչո՞վ է բացատրում իրենց պայմանավորվածությունների խախտումը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Այստեղ կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգերի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը։ Այսօր նույնպես աշխատանքներ կատարվում է, և մեզ անհրաժեշտ է  հասնել դրան։ Այդ առումով համանախագահների ներգրավումն ու վճռականությունը կարևոր է»։

Տեսանյութեր

Լրահոս