Թանկացումներ սպառողական շուկայում. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարն ու շաքարավազը մեկ ամսվա ընթացքում 9.8 տոկոսով թանկացել են, ընդ որում՝ միայն շաքարավազի գինը բարձրացել է 11. 4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ:
Օրինակ, ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.1 տոկոսով: Ի դեպ, չնչին, բայց թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 0.9 տոկոսով: Բարձրացել են նաեւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով: Իսկ, ահա, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս, փոխարենը էժանացել է միրգը 1.1 տոկոսով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: