«Երբ 1992թ․ Ադրբեջանը հարձակվեց Շահումյանի վրա, քիմիական զենք կիրառեց, որից հետո ՄԱԿ-ը չհարցրեց՝ այստեղ ապրող խաղաղ բնակչության հետ ի՞նչ եղավ»

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները հերթական բողոքի ակցիան իրականացրեցին նոյեմբերի 3-ին՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 27-ից սկսված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից հետո ՄԱԿ-ը որևէ հստակ քայլ չի արել այդ ագրեսիան կանխելու ուղղությամբ:

«Ադրբեջանի ձեռագրում ոչինչ չի փոխվել․ միգուցե նոր տեխնոլոգիաներ են ի հայտ եկել՝ հեռախոս, ինտերնետ, բայց բնույթը մնացել է նույնը։ Այդպես է նաև աշխարհի արձագանքի դեպքում։ Ամեն մեկն ապրում է իր հոգսով, և նոր չէ, որ դա պետք է հասկանայինք։ 1860-70-ական թթ․ եվրոպական երկրները մեջբերեցին հայոց հարցը, և ինձ համար դրա ընկալումը յաթաղանը սրող քար է, որովհետև հայոց հարցը բարձրացնելով՝ մի տեսակ թուրքի ախորժակն էլ ավելի գրգռեցին, որ օր առաջ գլխացավից փորձի ձերբազատվել։ Բերեցին Սևրի պայմանագիրը, վիլսոնյան Հայաստանի քարտեզը․․․ Իրենք ի՞նչ են անում․ իրավական թղթին նկարում են մի բան ու ասում են՝ սա քոնն է, բայց պետք է պատերազմես և ձեռք բերես։ Ինչպե՞ս կարող էր 1920թ․ նորաստեղծ հայկական անկախ պետականությունը, որը լիքն էր 1915թ․ որբերով, տնտեսությունը վատ վիճակում էր,  կռիվ տալ և հետ վերցնել իր այդ սահմանները։ Արդյունքում՝ ունեցանք 1920թ․ սեպտեմբերի պատերազմը, որը վերջացավ Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Ասելիքս այն է, որ հայությունն ինչքան քիչ հույսը դնի շրջապատի վրա, այնքան իր հայացքը կուղղի դեպի ներս, շրջահայաց կլինի և կկարողանա հասկանալ, որ իր փրկության միակ հենարանն ինքն է՝ իր բազկով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Խոսելով հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 1-ին ադրբեջանական ուժերի կողմից անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակի կիրառման մասին, Մարիամ Ավագյանը նշեց․

«Երբ 1992թ․ հունիսին Շահումյանի վրա Ադրբեջանը հարձակվեց՝ այնտեղ քիմիական զենք կիրառեց, որից հետո ՄԱԿ-ին բողոքեցին, որ իբր հայկական ուժերը քիմիական զենք են կիրառել։ ՄԱԿ-ի ինչ-որ հանձնաժողով եկավ, փաստեց, որ այդտեղ իբր թե քիմիական զենք կիրառված չէ։ Բայց այդ կազմակերպությունը չտեսավ, որ Շահումյանը հրկիզված է, ու չհարցրեց՝ որ հրկիզվել է, այստեղ ապրող խաղաղ բնակչության հետ ի՞նչ եղավ։ Հիմա էլ նույնն է կատարվում։ Հայտարարեցին, թե հավանաբար Ադրբեջանը կիրառում է ռազմական հանցանք։ Դա ինքը պետք է դեռ ստուգի, իսկ թե երբ՝ սա անհայտ է։ Մեր իշխանությունները ժամանակին չստիպեցին, որ ՄԱԿ-ը գնա Նախիջևան և ֆիքսի այն փաստը, որ այնտեղ եղել է մշակութային ցեղասպանություն։ Ի դեպ, ՄԱԿ-ի հապավումը սիրիացի փախստականները հետևյալ կերպ են բացել․ մտահոգություն արտահայտող կազմակերպություն»։

Տեսանյութեր

Լրահոս