
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի:
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը:
Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ:
Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին: