Վլադիմիր Զելենսկու պատասխանը՝ Սարիկ Անդրեասյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանցի հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամում դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան մեղադրելով ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին ֆոսֆորային զինատեսակներ մատակարարելու մեջ:
«Հասկացիր, Սարիկ, դա իսկապես ցավալի է: Եվ որքան սարսափելի է դառնում, երբ քո աչքերով ես տեսնում, թե ինչ է իրական պատերազմը: Եվ այն, որ ամեն ինչի պատրաստ ես, որ այն քո տանը չլինի: Ճի՞շտ է:
Դե հաստատ Ձեզ հարկավոր չի ստանձնել այլ մարդկանց ֆեյքերի դեր: Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ռուսական քարոզչությունը, և ինչու է այն ամբողջովին ստում: Բայց ես քեզ բացարձակապես չեմ հասկանում: Քանի որ Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել: Ընդհանրապես, ընդհանրապես…
Հատկապես այն վայրերում, որտեղ արդեն «եռում է», և որտեղ արդեն կան շատ տաք գլուխներ, ովքեր ցանկանում են այնտեղ ինչ-որ բան «աշխարհաքաղաքականորեն լուծել»…
Սա առաջին անգամը չէ: Սկզբում նրանք ստում էին Ուկրաինայի և Դոնբասի պատերազմի մասին: Հետո նրանք ստեցին Ուկրաինայի և Սիրիայի պատերազմի մասին: Հիմա դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի պատերազմի համատեքստում: Եվ այս ամենն անում են միևնույն մարդիկ: Չե՞ք հասկանում, թե ինչու են դա անում:
Ուստի Ուկրաինայի մասին ինչ-որ բան ասելուց առաջ հարկավոր է, որ ինքներդ ձեզ համար ճշմարտացիորեն պատասխանեք մի պարզ հարցի՝ ո՞ւմ է ձեռնտու պատերազմների և Ուկրաինայի մասին ստելը:
Անկեղծ ասած, ես շատ ցավում եմ, որ դու՝ այն մարդը, ում առջև իմ տան դուռն եմ բացել, և ով այդքան լավ գիտի իմ ներաշխարհն ու արժեքները, այդքան հեշտությամբ տրվեց քարոզչությանը: Կարո՞ղ էիր անձամբ ինձ հարցնել: Թե՞ չէիր կարող:
Ընդհանրապես, ճշմարտությունը կարելի է հասկանալ պարզապես լրատվական տարածքում առկա տեղեկատվությունը քննադատորեն գնահատելով` հաշվի առնելով, թե վերջին տարիներին որքան կեղծիք է դաշտ նետվել: Ուստի ես շատ հակիրճ թույլ կտամ ինձ ուրվագծել աքսիոմատիկան:
Նախ ՝ Ուկրաինան դեմ է հանդես գալիս ցանկացած արյունալի բախումների: Մենք չենք աջակցում լարվածությանը: Եվ մենք չենք բորբոքում առճակատումը սոսկ այն պատճառով, որ մենք ինքներս յոթերորդ տարին անընդմեջ շատ դաժան պատերազմ ենք ապրում: Եվ սա ևս մեկ հուզական ֆոն է: Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ռազմական թեմաներով սադրանքներին: Դրա ապացույցը խաղաղության ձգտելու մեր մղումն է:
Երկրորդ, մենք շատ լավ գիտենք, թե ով և ինչու է դաշտ նետում այդպիսի «տեղեկատվությունը»: Մենք արդեն իմունիտետ ունենք այդ ամենի նկատմամբ: Դա նաև Եվրոպայում կա: Եվ դուք ևս պետք է հնարավորինս շուտ ձևավորեք այն: Քանի որ ապատեղեկատվությունը նման է կորոնավիրուսի՝ շատ նենգ թշնամու, որը սահմաններ չի ճանաչում: Հետևաբար, հայտնի քարոզչության հետ շփվելուց հետո ավելի հաճախ լվացեք ձեռքերը:
Երրորդ՝ ես համոզված եմ, որ բոլոր նկարիչների, մշակույթի բոլոր գործիչների խնդիրն է՝ օգնել դեէսկալացիային, մարել ագրեսիվ էմոցիաները, չսրել վեճերը և, առավել ևս, կեղծիքներ չտարածել: Երբ արվեստագետները խոսում են, զենքը պետք է լռի:
Չորրորդ՝ Ուկրաինայում բնակվում է մեծ հայկական համայնք, որն ուկրաինական հասարակության օրգանական մասն է: Սա չափազանց կարևոր է մեզ համար:
Եվ այնուամենայնիվ, ես մեկ հարց ունեմ քեզ, Սարիկ, որն ուզում եմ տալ հենց հիմա: Հարցը հեշտ չէ: Քանի որ խոսքն արժեքների, մարդու նորմալության, անկեղծության մասին է:
Որտե՞ղ էիր դու, երբ պատերազմը եկավ Ուկրաինա, և երբ մեր երեխաները զոհվում էին: Երբ մեռնում էին հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացիները, և նրանցից ոչ թե մեկը կամ երկուսը, այլ տասնյակ մարդիկ: Ի՞նչ ես դու անձամբ ասել այն ժամանակ ագրեսիայի դեմ: Ոչինչ: Ես հասկանում եմ. Չես ասել, քանի որ դա քո պատերազմը չէր: Եվ այսօր պատերազմը սարսափելի է, քանի որ այդ սարսափը ձեր տուն եկավ: Անձամբ ինձ համար ամեն ինչ պարզից էլ պարզ է. ես միշտ արդար աշխարհի կողմնակից եմ:
Եվ Ուկրաինան, իհարկե, չի աջակցում որևէ երկրի զենքի մատակարարմանը: Ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը պարզապես զենք է մատակարարում բոլորին, քանի որ պատերազմները նրա համար հաց ու արյուն են:
Բարոյականությունը չի կարող երկակի լինել՝ քեզ և ուրիշների համար: Մտածիր այդ մասին:
Եվ, ի դեպ, իմ որդու անունը Մարկ չէ»,- գրել է Վլադիմիր Զելենսկին:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը