«Պարգևավճարները պետք է լինեն. պետական բյուջեով նախատեսված է դրանց չափը». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից լրագրողներն  այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ պարգևատրումների համար որքա՞ն գումար է հատկացված։

«Այսօր հերթական անգամ ես ստիպված եմ անդրադառնալ ՊԵԿ պարգևավճարներին և առհասարակ ՀՀ-ում նախատեսված պարգևավճարներին։ Այս հարցի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են, ստիպված եմ անդրադառնալ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններից հետո կրկին հարցին անդրադառնալը, իմ կարծիքով՝ ստիպված է։ Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և հարցադրումները, եթե նպատակ ունեն վերացնելու պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նորից եմ կրկնում՝ սրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա, պարգևավճարները համարժեք վարձատրությանն ուղղված միջոցներ են։

«Պարգևավճարները պետք է լինեն։ Պետական բյուջեով պարգևավճարների չափը նախատեսված է, այս պահին կդժվարանամ չափն ասել, ծանոթացեք ծրագրին, այնտեղ նշված է»,- հավելեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, որ այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց պարգևավճարները փոխանցեն «Հայաստան համահայկական» հիմնադրամին կամ «Զինվորների ապահովագրության  հիմնադրամին», ՊԵԿ-ում նման մշակույթի ձևավորվե՞լ է, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատերազմական գործողությունների սկսման հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցներն այդ մասով շատ ակտիվ են եղել։

«Բազմիցս գումարներ են հավաքագրվել և փոխանցվել հիմնադրամներին։ Այս պահին մոտ 530 մլն դրամ է փոխանցվել, բնականաբար, այս գործընթացին բոլորը մասնակցություն են ունեցել»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ պատերազմի օրերին ՊԵԿ-ը հրաժարվե՞լ է պարգևավճարներից, Է. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, դրանք տրվել են, սակայն, ինչպես նշեցի՝ հավաքվել և տրվել է ըստ նպատակի, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն»,- հավելեց նա։

Հաջորդ հարցին՝ նախորդ ամիսներին է՞լ չեն հրաժարվել պարգևավճարներից, ՊԵԿ նախագահը կարճ պատասխանեց. «Ոչ, ինչո՞ւ հրաժարվեմ»։

Հիշեցնենք, որ խորհրդարանը շարունակում է քննարկել 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Տեսանյութեր

Լրահոս