Ժիրինովսկին Սաակաշվիլիին խորհուրդ է տվել թողնել քաղաքականությունն ու «գնալ սունկ հավաքելու»

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել մասնակցել ընտրություններին, նրան հրավիրել է Մոսկվա և առաջարկել է «հանգիստ գնալ սունկ հավաքելու»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թանկագին Միշիկո: Ինչո՞ւ ես այդպես վրդովվել: Ինչի՞դ է պետք Վրաստանում քո կուսակցության հաղթանակը: Այնտեղ արդեն իսկ վատ է. Աբխազիան ձերը չէ, Հարավային Օսիան ձերը չէ, շուտով Բաթումին էլ կկորցնեք, ձեզ կներքաշեն Կովկասում մեծ պատերազմի մեջ: Քեզ, Միշիկո, խաղաղ կյանք է պետք, դու առանց այն էլ արդեն շատ ես հուզվել»,-գրել է Ժիրինովսկին իր տելեգրամյան ալիքում:

«Առաջարկում եմ քեզ ժամանել Մոսկվա,  լավագույն վրացական ռեստորանում խինկալի, սացիվի և լոբիո կուտենք, «Կինձմարաուլի», «Ախաշենի» և «Ծինանդալի» կխմենք: Կգնանք Ռուբլյովկա` Յանուկովիչի մոտ, թղթախաղ ու դոմինո կխաղանք, հետո Լուկաշենկոն էլ կմիանա: Եվ դադարեք հառաչել և մասնակցել ընտրություններին, դուք արդեն փչացրել եք այն ամենը, ինչ կարող եք՝ թե՛ Կիևում, թե՛ Թբիլիսիում և թե՛ Մինսկում: Եկեք հանգիստ սունկ հավաքելու, գոլորշու լոգանք ընդունելու, ինչպես սիրում է Լուկաշենկոն, և քիչ փնթփնթացեք, թե ժողովրդավարությունը կամ տնտեսությունը նույնը չեն: Այդ ձեզ չհաջողվեց, իսկ նոր սերունդն ամեն ինչ կանի, բայց արդեն առանց ձեզ: Հերի՛ք է մարդկանց հիմարի տեղ դնեք»,-եզրափակել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայներով), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը  (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%):

Տեսանյութեր

Լրահոս