Սնոուդենը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշում է ընդունել դիմում ներկայացնել ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար:
«Մեր ծնողներից երկար տարիներ բաժանվելուց հետո ես ու կինս մեր որդուց բաժանվելու ամենափոքր ցանկություն իսկ չունենք: Ահա թե ինչու համավարակի եւ սահմանների փակման այս ժամանակաշրջանում մենք (դիմում) կներկայացնենք ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Դրա հետ մեկտեղ Սնոուդենը նշել է, որ ինքն ու կինը կմնան ամերիկացիներ եւ որդուն կդաստիարակեն ամերիկյան արժեքների ոգով, մասնավորապես, ազատորեն հայտնել իր կարծիքը: Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, թե երբ կկարողանա վերադառնալ ԱՄՆ, որպեսզի վերամիավորվի ընտանիքի հետ: Ավելի վաղ փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Սնոուդենի շահերն է ներկայացնում ՌԴ-ում, պատմել է, որ դեկտեմբերի վերջին ծնվելու է Սնոուդենի եւ նրա կնոջ երեխան, ըստ ծննդավայրի նա կստանա Ռուսաստանի քաղաքացիություն:
2013 թվականի հունիսին Սնոուդենը Washington Post եւ Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր է հանձնել Համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսության ծրագրերի վերաբերյալ: Նա ինքնաթիռով մեկնել է Հոնկոնգ, այնտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում:
Ռուսաստանը մեկ տարով ժամանակավոր ապաստան է տրամադրել Սնոուդենին այն պայմանով, որ նա դադարեցնի իր գործունեությունն ԱՄՆ-ի դեմ: 2014 թվականի օգոստոսին Սնոուդենն ստացել երեք տարով կեցության իրավունք, որը նրան թույլ է տալիս ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: 2017 թվականի հունվարին Սնոուդենի կացության իրավունքը երկարացվել է մինչեւ 2020 թվականը: 2020 թվականի հոկտեմբերին Կուչերենան հայտնել է, որ Սնոուդենն ստացել է Ռուսաստանում անժամկետ կեցության իրավունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: