«Փակագծերը չբացեմ, բայց անհրաժեշտ է դիմել ՀԱՊԿ-ին, ամեն օր ուշացնում ենք». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարզապես բարձրաձայնեց տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին, բայց որևէ գործնական քայլ չարեց, ինչն էլ բերեց նրան, որ հիմա Ֆրանսիայում է ահաբեկչություն տեղի ունենում:

«Չգիտես ինչու՝ արդեն վայ-վույները սկսվել են: Դրանք երկակի ստանդարտներ են: Հիշո՞ւմ եք՝ երբ Փարիզի Աստվածամոր տաճարը վառվեց՝ ամբողջ աշխարհով մեկ լացուկոծ էր, Շուշիի տաճարը երկու անգամ ռմբահարվեց՝ ոչ մեկին դա առանձնապես չհետաքրքրեց: Այսինքն՝ մի դեպքում դա համաքրիստոնեական տաճար է և պետք է համազգային ողբ դնել, մյուս դեպքում, երբ ոչնչացնում են մշակութային արժեքը, ուղղակի լռում են, որովհետև Ադրբեջանից գազ են ստանում, և երևի ձեռք չի տալիս հրաժարվել ադրբեջանական գազից և ընկնել Ռուսաստանից կախվածության մեջ: Գուցե իրենց ձեռք է տալիս լռել, քան իրենց դիրքորոշումը ցույց տալ: Տրամաբանական է, որ, եթե դու աչք ես փակում տեռորիզմի վրա ինչ-որ մի անկյունում, դա գալիս է քեզ մոտ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի գործողություններին՝ Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին. «Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ մենք ՀԱՊԿ-ին կդիմենք միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դրական պատասխան կլինի: Ուրեմն՝ ընդհանրապես կարելի է չդիմե՞լ, կամ ի՞նչ չափանիշերով ես չափում դիմել-չդիմելը: Փակագծերը չբացեմ, բայց անհրաժեշտ է դիմել ՀԱՊԿ-ին, ամեն օր ուշացնում ենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը չկատարի իր պարտավորությունները, նա պատասխանեց. «Բոլորս գիտենք, որ ՀԱՊԿ-ին դիմելը Ռուսաստանին դիմել է, և Ռուսաստանը չի ներգրավելու ո՛չ ղազախական, ո՛չ ղրղըզական, ո՛չ բելառուսական ուժեր, այլ ինքը փորձելու է իր հարցերը լուծել այս տարածաշրջանում: Ռուսաստանն ուղղակի սպասում է պաշտոնական դիմումին, հակառակ դեպքում, եթե փորձի խառնվել այնտեղ, որտեղ իրեն չեն հրավիրել, հերթական անգամ իրեն կանվանեն օկուպանտ, ագրեսոր, սանկցիաները կկիրառեն: Եթե տարածաշրջանում էլի առանց պաշտոնական հրավերի ինքը փորձի ինչ-որ բան անել, դա նաև Թուրքիային թույլ կտա նույն կերպ խառնվել գործընթացում: Իմ անձնական կարծիքով՝ այս հարցը պետք է արագացնել, դիմել ՀԱՊԿ-ին, մնացածը Ռուսաստանը կանի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս