«Գնում ենք իտալական սցենարով. ուղղակի տեղ չկա, որ կորոնավիրուսով ծանր հիվանդը պառկի և բուժում ստանա». համաճարակաբան
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերը Հայաստանում ավելանում են հարյուրներով, նույնիսկ՝ հազարներով: Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 310-ի: Բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի կարծիքով՝ այսօր վարակն արդեն անկառավարելի է:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա հայտարարեց, որ Հայաստանում արդեն գնում ենք իտալական սցենարով. «Ուղղակի իտալական սցենարում եթե ըստ նկարագրության՝ ուղղակի հիվանդին ասում էինք՝ այն անկյունում թող մնա, հարթը կհասնի՝ կհասնի, փառք Աստծո, այս տարբերակը դեռ հիմա չունենք, յուրաքանչյուր հիվանդ ինչ-որ չափով բուժօգնություն ստանում է, բայց որտե՞ղ է ստանում, ստանում է տանը, ստանում է միջանկյալ օղակում, մինչև տեղը ազատվի, որովհետև տեղի խնդիր կա այսօր: Բայց եթե այսպես շարունակվեց, ես համոզված եմ, որ բժիշկն ուղղակի չի հասցնի անգամ հեռախոսով կոնսուլտացիա անել»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ գալիս ենք Արսեն Թորոսյանի ամիսներ առաջ հայտարարած խորը սորտավորմանը, նա արձագանքեց. «Փաստորեն, եկանք դրան: Այնտեղ տերմինաբանական խնդիր կար, ազգաբնակչությունը դա կապեց զինվորական տերմինի հետ, բայց հիմա, փաստորեն, ընկանք զինվորական գործընթացի մեջ: Եթե այն ժամանակ 800 վարակակրի դեպքում առողջապահական համակարգը ճռռում էր՝ մի կերպ հասցնելով, այսօր ունենք 2400-ից ավելի հիվանդ և մեծ քանակությամբ վիրավորներ»:
Նրա խոսքով՝ թիկունքն այսօր ամենակարևոր օղակներից մեկն է. «Առաջնագծում օդակաթիլային վարակները ռեգուլյացիայի այդքան չեն ենթարկվում, որովհետև անընդմեջ փոփոխություններ են տեղի ունենում՝ վիրավորումներ, զոհեր, արագ տեղափոխվում են, վարակը չի հասցնում ինքնառեալիզացիայի ենթարկվի, բայց թիկունքում այդ ամենը կա: Պետք է թիկունքում այնպես անել, որ բժիշկը չհիվանդանա, զինվորի մոտ բարդություններ չլինեն, և կորոնավիրուսով ծանր հիվանդը բուժում ստանա: Այսօր ինձ ասացին, որ մահճակալների պակաս ունենք, և ծանր հիվանդների կեսը, մոտ 400-ից 200-ի համար տեղ չկա. տեղ չկա ուղղակի, որ կորոնավիրուսով ծանր հիվանդը մահճակալ ունենա, որպեսզի պառկի և պատշաճ բուժում ստանա: Պետք է միահամուռ պայքարենք նաև այս թշնամու դեմ, որպեսզի այս պատերազմում ևս հաղթենք»:
Նա հորդորեց ազգաբնակչությանը դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել ֆիզիկական հեռավորություն:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում