«37.1 ջերմություն ունեցողը չպետք է գնա աշխատանքի. հարկավոր է իրականացնել  կոնտակտավորների հայտնաբերում և վերահսկում». համաճարակաբան

«Այն, որ հոկտեմբերին սպասվում էր թվերի աճ, պարզ էր դեռևս օգոստոսին, երբ սկսեց նվազել թվերը. դրա մասին մեր վերլուծություններում խոսել ենք: Համենայնդեպս, այն, ինչ եղավ՝ եղավ, մենք ունենք թվերի աճ, և որքան շատ հետազոտենք, այնքան շատ կհայտնաբերենք այսօր: 5000 թեստ մենք երբևէ չենք արել, դրա համար չենք կարող ասել՝ հուլիսի բարձրացման ժամանակ եթե կատարեինք 5000 թեստ, ինչքան հայտնաբերված դեպք կունենայինք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք:

Համաճարակաբանը նկատեց՝ միայն անհատը շատ բան չի կարող անել այս իրավիճակում. «Պետք են կոմպլեքս միջոցառումներ՝ բոլոր օղակներում: Շատ կարևոր գործոնը, որը հարկավոր է իրականացնել, կոնտակտավորների հայտնաբերումն ու վերահսկումն է: Այսօր պարզ է, որ բժշկական համակարգը բավականին ծանրաբեռնված է, և կոնտակտավորների հայտնաբերումով և վերահսկումով դժվար է զբաղվել, բայց շատ երկրներում դրանով չեն զբաղվել մասնագետները: Դեռ ամռանը ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կոնտակտավորների հայտնաբերումն ու վերահսկումը պետք է իրականացնել նույնիսկ ռազմական դրության ժամանակ: Դա կարելի է անել ոչ մասնագիտական տարբեր օղակներում. ՏԻՄ-երին խնդրել ներգրավել իրենց, կարող ենք ընդգրկել հասարակական սեկտորը, կամավորների: Այն աղջիկները, որոնք այսօր չեն կամավորագրվել բանակ, կարող են այս օղակում կամավոր գալ և օգնել, որպեսզի կարողանանք կոնտակտավորներին հայտնաբերել և վերահսկել: Այդպես կարող ենք համաճարակի տեմպը նվազեցնել»:

Նրա խոսքով՝ դիմակ կրելը պետք է լինի կոմպլեքս-միջոցառումների մեջ. «Մարդիկ ուղղակի իրենց կենցաղը պետք է մի քիչ փոխեն: Եթե այսօր ունենք այսպիսի համաճարակային իրավիճակ, պետք է խիստ նվազեցնել միջանձնային շփումը: Ինչքան երկար է շփումը, այնքան հավանականությունը, որ վիրուսը կփոխանցվի, մեծանում է: Եթե մարդու հետ շփվում ես, կարող ես կես քայլ հետ կանգնել. Դա կնվազեցնի վարակվելու հավանականությունը»:

Նա ընդգծեց, որ բոլոր երկրներում սեպտեմբեր-հոկտեմբերին վարակակիրների աճ կա. «37.1 ջերմություն ունեցողը չպետք է գնա աշխատանքի, մինչև իր կարգավիճակը չճշտի, բայց ո՞վ պետք է նրան աջակցի՝ գործատուն: Մարդը չի կարող չգնալ աշխատանքի, եթե գործատուն թույլ չի տալիս դա նրան: Բոլոր գործատուները պետք է իրենց աշխատողներին ասեն, որ, եթե որևէ մեկն ինչ-որ կասկած ունի, որևէ գանգատ ունի, պետք է անմիջապես տեղեկացնի գործատուին և աշխատանքի չգնա, որպեսզի չտարածվի աշխատավայրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս