Բաժիններ՝

«Սամսոնն ընդհանրապես խուճապի չի մատնվել, ասել է՝ ահեղ պատերազմ է, մարտնչում ենք, ծառայում ենք…». համայնքապետարանի աշխատակից

Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում զոհված Սամսոն Ռաչիկի Ամարյանը 32 տարեկան էր, զորացրվելուց անմիջապես հետո՝ 20 տարեկանից, անցել էր պայմանագրային ծառայության: 168.am-ի հետ զրույցում  Սիսիանի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը պատմեց, որ Սամսոնը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Գորիսից տեղափոխվեց Շաքի:

«Բարի, համեստ, խելոք տղա էր Սամսոնը, բացի պայմանագրային ծառայությունից, զուգահեռ՝ նաև անասնապահությամբ էր զբաղվում: Հայրը 4 տարի առաջ էր մահացել, ունի 2 քույր, որոնք ամուսնացած են, ապրում էր իր մայրիկի հետ: Լսել էի՝ Սամսոնն ասել էր, որ մինչև տարեվերջ՝ դեկտեմբերին, անպայման պետք է ամուսնանար»,- պատմեց Մանուչարյանը:

Սամսոնը փեսայի հետ նույն դիրքում է կռվել, պատմել են, որ ավիացիոն հարվածը հենց Սամսոնի ուղղությամբ էր եղել:

«Փեսան իր աչքերով տեսել է, թե ոնց է Սամսոնն ավիացիոն հարվածի տակ ընկել, մի քանի մետր հեռավորության վրա է եղել, ընդ որում, առաջին օգնությունը հենց փեսան է ցույց տվել, նա էլ վիրավորվել է: Ես փեսայի հետ խոսել եմ Սամսոնի հուղարկավորության օրը, ասաց՝ մի քանի մետր այն կողմ, որ ավիացիոն հարվածը ստացավ այդ խրամատը, Սամսոնը ևս 4 հոգու հետ մեջն էին, ես հանեցի Սամսոնին, արդեն վերջին շունչն էր վրան, որովհետև շատ ծանր էր վիրավորվել: Հրամանատարն է Սամսոնին և մյուս 4 տղաներին այդտեղից դուրս բերել: Պատմում են, որ Սամսոնն ընդհանրապես խուճապի չի մատնվել, ասել է՝ ահեղ պատերազմ է, մարտնչում ենք, պայքարում ենք, ծառայում ենք…»,- ասաց Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցը:

Սամսոնին հուղարկավորել են հոկտեմբերի 10-ին՝ Սիսիանի քաղաքային պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս