30-ամյա Կարենն Արցախում դպրոցներ, մանկապարտեզներ էր կառուցում. երբ պատերազմը սկսվեց՝ մեկնեց ճակատ
«Կարենի հայրն այդ պահին աշխարհազորայինների շարքում մարտական պարտականություններ էր կատարում սահմանում, երբ այդ բոթը լսեցինք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մանուչարյանը:
Կարեն Իսրայելյանը 30 տարեկան էր, դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, 2 տարի ծառայել, վերադարձել, սակայն մի քանի ամիս հետո անցել էր պայմանագրային ծառայության:
«Մոտ 4 տարի որպես պայմանագրային՝ ծառայեց բանակում, այնուհետև դուրս եկավ և մեկնեց Արցախ՝ շինարարության նպատակով: Տներ էր կառուցում, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երբ այս պատերազմը սկսվեց՝ մեկնեց ճակատ: Իմ աչքի առաջ մտավ խանութ, սիգարետ և առաջին անհրաժեշտության պարագաներ գնեց ու մեկնեց»,- պատմեց Մանուչարյանը:
Կարենն ունի 1 քույր և 1 եղբայր, վերջինը պարբերաբար մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, եղբորն էլ էր առաջարկել իր հետ մեկնել, սակայն Կարենը հրաժարվել էր:
«Կարենը կատեգորիկ հրաժարվում էր, ասում էր՝ ոչ, ես իմ հայրենիքից դուրս չեմ գա, ես այստեղ էլ եմ լավ աշխատում: Ինչպես արդեն նշեցի՝ Արցախում էր աշխատում Կարենը և տարվա մեջ 2-3 անգամ գալիս էր ծնողների մոտ: Աշխատասեր, ձգտող մարդ էր, մեքենա գնեց, մտածում էր, որ պետք է ամուսնանա, տուն էր կառուցում, հայրը շինարար է, ինքը ֆինանսավորում էր, հայրը՝ կառուցում»,- պատմեց Ռուբեն Մանուչարյանը:
Կարեն Զորավիկի Իսրայելյանին հուղարկավորել են Սիսիանի քաղաքային պանթեոնում: