Կկայանա՞, արդյոք, Փաշինյան-Ալիև հանդիպումը. պատասխանում է Մանե Գևորգյանը
Հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է անձամբ գնալ Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, պատասխանել էր.
«Մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել»:
Նույն օրը նույն լրատվամիջոցի հետ զրույցում Մոսկվայում ՀՀ վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
168.am-ը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ աշխատանքներ տարվո՞ւմ են արդյոք Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար և արդյոք նախանշվա՞ծ են ժամկետներ։
«Որևէ բան չկա, այդ հարցազրույցից ի վեր որևէ բան չի խոսել, որևէ կոնտեքստ չի փոխվել։ Ինչ վերաբերում է հանդիպման ժամկետին, ապա որևէ ժամկետի մասին խոսել հիմա չենք կարող»,- ասաց վարչապետի խոսնակը։