«Գրանատներ են թող արել, մեր տան սաղ ակուշկեքը քանդվել ա». փոքրիկ արցախցի

Փոքրիկ Արցախ՝ Երևանի կենտրոնում: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրերին  նկարիչ Հարությունն ու երաժիշտ Հովսեփն իրենց տուն-արվեստանոցում հյուրընկալել են Մոնիկային, Էրիկային, տիկին Ռոզային, նրանց հետ ու նրանց պես Արցախից Հայաստան եկած կանանց ու երեխաների:

«Մենք իմացել ենք, որ կա կարիք օգնության, առաջարկել ենք մեր օգնությունը: Ոչ ոք չի նստել որոշել՝ արժե՞ դա անել, թե՞ ոչ, կկարողանա՞նք, թե՞ ոչ: Ո՞նց են մեր բարեկամները գալիս, մեր բարեկամները եկել են, հիմա իրար հետ ապրում ենք»,- ասաց Հարություն Հովսեփյանը:

«Երբ սկսվեց պատերազմը, ասել ենք, որ ունենք տարածք 4 հոգու համար, հետո հասկացանք, որ 4 հոգին շատ քիչ է, չթողնելով մարդկանց դուրսը՝ ավելացավ մարդկանց քանակը, մեր ընկերներին դիմեցինք, որ հատկացնեն մեզ մահճակալներ, այլ պարագաներ, որ կարողանանք ավելի շատ մարդ տեղավորել: Հիմա 34 հոգի են մեզ մոտ ապրում: Դեռ երկու հոգու ազատ տեղ ունենք»,- ասաց Հովսեփ Եգանյանը:

Մեր նկարահանման պահին Հարությունը խիստ զբաղված էր, իրենց նոր ընտանիքի հետ ձմռանն էին պատրաստվում:

«Բադրջան, բիբար ենք խորովում, փակոցներ ենք անելու սրանից, որ հետո տաքացնենք ուտենք, սովորական առօրյայով ապրում ենք, ոնց մեր ընտանիքներում»,- ասաց Հարությունը:

Ստեփանակերտից եկած ու նոր միջավայրին շատ արագ ընտելացած 7-ամյա Մոնիկան առաջինը մոտեցավ մեզ հետ ծանոթանալու:

«Ես եկել եմ Ստեփանակերտից: Գրանատներ են թող արել, մեր տան սաղ ակուշկեքը քանդվել ա: Ես չէի վախեցել, ես ուժեղ եմ»,- ասաց Մոնիկան:

Ուժեղ արցախցին պատմում է, որ Երևանում ինքն արդեն դպրոց է գնում, հասցրել է անգամ նոր ընկերներ ձեռք բերել: Տուն-արվեստանոցի բակում Մոնիկան արդեն ծառ է տնկել, ծառին իր անունն է տվել: Նույնիսկ չի թողնում, որ ուրիշները ջրեն: Երևանում հասցրել է զբոսնել ու շատ է հավանել: Հարցին՝ Ստեփանակե՞րտն է ավելի գեղեցիկ, թե՞ Երևանը, Մոնիկան միանշանակ պատասխան տվեց:

«Երևանը: Ման եմ եկել Երևանում, արձաններ եմ տեսել»:

Մոնիկայի հայրիկն էլ մյուս տղամարդկանց պես Արցախում է: Այս 19 օրերի ընթացքում մեկ անգամ է իրենց հյուր եկել:

«Եկել ա, կոֆե խմել, մնացել ա, քնել, հետո եկել ինձ պաչել՝ գնացել»,- պատմում է Մոնիկան:

Տուն-արվեստանոցում էլ օրը հագեցած է անցնում: Նկարում են, խաղում, կրթվում, հյուրեր ընդունում: Մեր նկարահանման պահին, օրինակ՝ աճպարար էր հյուր եկել փոքրիկ արցախցիներին: 11-ամյա Էրիկան էլ է Ստեփանակերտից: Որոշել է՝ բժշկուհի է դառնալու: Երևան է եկել մայրիկի ու երկու քույրերի հետ: Հայրիկն Արցախում է:

«Պատերազմ սկսվեց: Ձայներ ենք լսել, ոչինչ չենք տեսել, միանգամից իջել ենք նկուղ»,- պատմեց Էրիկան:

Տիկին Ռոզան էլ պատմում է՝ եկել է, որովհետև վատառողջ է, հակառակ դեպքում չէր գա:

«Լավ չեմ ըլալ, տեղափոխվալ ըմ: Մնացալ ըն, շատը մնացալ ըն»:

Երևանյան առօրյայից էլ դժգոհ չէ.

«Լյոխ լավ ա: Լավ ըն յեշում»:

Տեսանյութեր

Լրահոս