«Զանգը գնաց-գնաց, պատասխան չեղավ, հետո դարձավ անհասանելի». Վիրաբը վերջին անգամ հոկտեմբերի 7-ին էր խոսել հարազատների հետ

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 19-ամյա Վիրաբ Սերոբյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր: Նրա հորեղբայրը՝ Աշոտ Սերոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վիրաբը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, ընտանիքում 3 եղբայրներ են, ինքը միջնեկն էր:

«Վիրաբը շատ հանգիստ բնավորության տեր երեխա էր: Ծնվել և մեծացել է մեր հայրական տանը, հետո եղբորս ընտանիքն առանձնացավ: Վիրաբն ապրում էր ծնողների, իրենից 2 տարի մեծ եղբոր՝ Տիգրանի, և փոքր եղբոր՝ 3-ամյա Ալեքսի հետ: Մեծ եղբայրը զորակոչվեց, մի 3-4 օր անցավ՝ Վիրաբը գնաց ծառայության»,- ասաց նրա հորեղբայրը:

Վիրաբը քչախոս, շատ փակ տղա էր, բայց բանակը նրան փոխել էր, դարձել էր շփվող, ծառայությունից էլ շատ գոհ էր:

«Մի տեսակ դժվար ընդունեց բանակ գնալու լուրը, բայց հենց հասավ զորամաս, հետը խոսում էինք, ասում էր՝ շատ լավ է, գնացինք, զորամասում էլ տեսանք: Հանաքով ասում էր՝ ես տանն անգամ նման հաց չէի ուտում, ոնց որ այստեղ: Շատ լավ շփվում էր, մարդկանց հետ ընկերություն էր անում, բացվել էր, դարձել էր լրիվ ուրիշ մարդ»,- հիշեց հորեղբայրը:

Աշոտը չի մոռանում Վիրաբի հետ իրենց վերջին խոսակցությունը, երբ ընտանիքի անդամներով հավաքվել էին իրենց տանը և զանգել էին նրան.

«Հոկտեմբերի 7-ին, մոտավորապես՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում էր, հարցրեցինք՝ Վիրաբ, բա ո՞ւր ես, պատասխանեց՝ Արցախում, բայց թե կոնկրետ որտեղ՝ չասաց, ասաց՝ հարմար չէ, հետո կզանգեմ: Հաջորդ օրը զանգեցինք, որ իմանանք՝ ոնց է, զանգը գնաց-գնաց, պատասխան չեղավ, ահագին ժամանակ զանգելուց հետո դարձավ անհասանելի: Մենք մեզ հույս էինք տալիս, որ՝ ոչինչ, երևի հարմար չի… Ամսի 12-ին մեզ տեղեկացրին, որ Վիրաբը զոհվել է: Ենթադրում ենք, որ հենց ամսի 7-ին է զոհվել»:

Վիրաբին երեկ հուղարկավորել են հայրենի Արագածավանում:

Տեսանյութեր

Լրահոս