«Սա հայրենական պատերազմ է. պետություններից մեկնումեկը չարաչար է պարտվելու այս պատերազմում». Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հույս չի ունեցել, որ Ադրբեջանը կպահպանի մարդասիրական հրադադարը:
«Նախահարձակ եղող կողմը՝ Ադրբեջանը, չէր հասել այն նպատակներին, մինչև այս պահն էլ երևի չի հասել, որոնք դրված էին իր առջև ի սկզբանե: Այն, որ ռազմական նպատակների մի մասն ակնհայտորեն ձախողված է, փաստ է: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ դեռ ռազմականը մի կողմ՝ իրենց խաղադրույքը նրա վրա է, որ փոքր ռազմական հաջողություններից հետո փորձել դա քաղաքական առումով կապիտալիզացնել, բայց դա էլ չի ստացվում, որովհետև հայկական կողմից կա ներազգային, ներհասարակական կոնսոլիդացիա, կա պայքարելու վճռականություն: Այս առումով՝ փակուղային իրավիճակ է, և այլ բան անել Ադրբեջանի կողմից, քան շարունակել ագրեսիան ամսի 10-ի դրությամբ, չէր մնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Էլբակյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանի վրա կա ճնշում՝ ռազմական գործողությունները շարունակելու. «Եթե այս իրավիճակով կանգնեցվեց հակամարտությունը, Թուրքիայի ներդրումը ջուրն է գնում: Դա ակնհայտորեն լինելու է ռուսական կողմի միջնորդական ջանքերով, և Ռուսաստանը որպես արբիտր՝ հաստատելու է տարածաշրջանում իր դիրքը, նաև՝ ռազմական մատակարարումների մասով՝ որպես բալանսավորող կողմ: Այսինքն՝ Թուրքիան էլ այստեղ իր ներդրումը հետ բերելու խնդիր ունի»:
Քաղաքագետը հեռանկարներ չի տեսնում՝ դիվանագիտական ճանապարհով այս պատերազմը կանգնեցնելու. «Եթե 11 ժամ բանակցել են, և վերջնարդյունքը հումանիտար հրադադարն էր, որը կյանքի չի կոչվում, կարծում եմ՝ պարզ տեսանելի է, թե ինչքան նեղ է հնարավորությունը՝ տևական հրադադարի հասնելու»:
Նա ընդգծեց՝ սա հայրենական պատերազմ է. «Իրոք այս պատերազմից հետո պետություններից առնվազն մեկը դադարելու է ունենալ այն սուբյեկտայնությունը, այն ուժը, որն ուներ սեպտեմբերի 27-ի դրությամբ: Մեկնումեկը չարաչար է պարտվելու այս պատերազմում, դրա համար մեր բոլոր ուժերը պետք է զորաշարժվեն այս պատերազմին: Ժամանակի հարց է լինելու պատերազմի ավարտից հետո, լավագույն դեպքում՝ մեկ-երկու տասնամյակի հարց, թե պետություններից որ մեկը կդադարի վերջնականապես իր սուբյեկտային գոյությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում