«Երբևէ որևէ մեկը թող իրեն թույլ չտա ասել, որ թուրքը փոխվել է. չկա այդպիսի բան, մենք չենք տեսնո՞ւմ, որ չի փոխվել». Կարինե Նալչաջյան
«Մենք լրջագույն թշնամու ենք դիմակայում: Ուղղակի ֆանտաստիկ գործ է անում մեր զինվորականությունը: Սա հպարտության զգացողություն է ներշնչում, մեր ազգային ինքնագիտակցության մեջ էլ դրական տեղաշարժեր են տեղի ունենում՝ մեր հավաքական ինքնագնահատականը բարձրանում է, մեր մեջ արթնանում է հնուց հայ մարդու մեջ դրված այն զգացողությունը, որ հայ զինվորականն անպարտելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նկատելով, որ այդ անպարտելի լինելու զգացողությանը միանգամից միախառնվում է վիշտը:
«Վիշտը՝ մեր կորցրած թանկագին կյանքերի համար: Նույնիսկ դժվար է խոսքեր գտնել՝ ամոքելու համար այն ցավը, որ մտնում է մեր հայրենակիցների տները. Մենք կորցնում ենք մեր լավագույն երիտասարդներին, մի փայլուն շերտ ենք կորցնում: Երբ նայում եմ մարդկանց աչքերին՝ այսքան տխուր մեր աչքերը երկրաշարժի օրերին էին, բայց նաև կայուն լինելու, ամուր լինելու զգացողությունը կա: Հայ զինվորը, հայ մարտիկը ինչպիսին եղել է, այդպիսին էլ կա: Մենք ուղղակի հպարտանալու շատ բան ունենք: Եթե նախկինում թուրքը մեզ վրա գալիս էր յաթաղանով, հիմա ժամանակները փոխվել են, յաթաղանը վեր է ածվել կործանիչների, տանկերի, ժամանակակից ռազմական տեխնիկայի»,- նկատեց նա:
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ հայոց բանակը ոչ միայն դիմակայում է, այլև հետ է շպրտում թշնամուն. «Սա մեր ազգի նկարագրի համար մի շատ կարևոր շտրիխ է: Մենք պետք է մեզ ուժեղ զգանք: Մեր պատմական ճանապարհին շատ կորուստներ ենք ունեցել, բայց մեր հաղթանակները յուրատեսակ են. միշտ փոքր ուժերով մեծաթիվ, լավ սպառազինված բանակների դեմ կռիվներ ենք տվել և արժանապատիվ հաղթանակներ տարել: Հայ մարդու մեջ դրված է թշնամու դեմ միահամուռ կանգնելու կամքի պոտենցիալը. կենաց-մահու պայքարը մենք միանգամից զգում ենք»:
Հոգեբանն ընգդծեց՝ երբեք պետք չէ թշնամու կերպարը քնքուշ նկարագրով պարուրել. «Երբևէ որևէ մեկը թող իրեն թույլ չտա ասել, որ թուրքը փոխվել է. չկա այդպիսի բան, մենք չենք տեսնո՞ւմ, որ չի փոխվել: Հենց իրենք չեն կարողանում տղամարդու նման դեմ առ դեմ կռվել և հաջողության հասնել՝ անմիջապես հետևում է քաղաքացիական օբյեկտների, անմեղ մարդկանց գնդակոծությունը: Սա է թուրքը. ազգային բնավորությունները, կարելի է ասել, չեն փոխվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում