Արցախում զոհված 19-ամյա Դավիթը շատ խելացի էր, դպրոցում «մաթեմատիկոս Դավիթ» էին ասում

Արցախում նահատակված 19-ամյա Դավիթ Մխիթարի Թորոսյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ: 168.am-ը զրուցեց Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով պատմեց Դավիթի մասին:

«Դավիթը շատ խելացի, հավասարակշռված տղա էր, դպրոցում իրեն «մաթեմատիկոս Դավիթ» էին ասում, ինքն այդպիսի գիտելիքների տեր տղա էր, ընդունվել էր Պոլիտեխնիկ, սովորում էր, կիսատ էր թողել, մեկնել բանակ՝ շարունակելու ակնկալիքով, ընդունվել էր ու զորակոչվել բանակ»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Դավիթը տան միակ տղան էր, իրենից մեծ քույրն ապրում էր ծնողների և տատիկի հետ.

«Դավիթը ծնվել և մեծացել էր Լեռնագոգում, մեր դպրոցի սանն է եղել: Համայնքում բազմաթիվ խմբակներ են գործում, և մեր տղաները գրեթե բոլոր խմբակներում ակտիվություն են ցուցաբերում, Դավիթը հետաքրքրված էր հատկապես՝ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներով: Ինչ ծրագիր եղել է՝ Դավիթը մասնակցել է, յուրաքանչյուր ծրագրում առաջադիմություն է  ցուցաբերել»:

Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ Դավիթի զոհվելու մասին լուրը սեպտեմբերի 28-ին են լսել և  հերոսին հուղարկավորել են հայրենի գյուղում:

«Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Դավիթի հուղարկավորությունը: Քանի որ մեր համայնքում նախկինում զոհեր չենք ունեցել՝ Լեռնագոգի գերեզմանատանն առանձին տեղ հատկացվեց՝ հատուկ մեր հերոսների համար»,- ասաց նա:

Նշենք, որ Արմավիրի մարզպետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Դավիթ Թորոսյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փոխանցել է Թորոսյանների ընտանիքին` նրանց հայտնելով իր վշտակցությունն ու զորակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս