Արցախում զոհված 27-ամյա Հարությունը 2 ամիս առաջ էր ամուսնացել
«Հարություն Սարոյանը շատ բարի, լավ, հոգատար սպա է եղել, բոլոր զինվորներն իրեն սիրել և հարգել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը:
Համայնքի ղեկավարը պատմեց, որ Հարությունը փոքր հասակում կորցրել էր մորը, ունի 2 քույր, ինքը տան փոքրն էր, վերջերս էր ամուսնացել.
«Հարությունը 27 տարեկան էր, 2 ամսվա ամուսնացած էր: Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել, զինվորների կողքին եղել: Շատ նորմալ, շնորհքով հարգված տղա էր, թե՛ համայնքի մեջ, թե՛ զինվորների կողմից. Ափսոս, երեխեն այդ ճակատագիրն ունեցավ»:
Համայնքի ղեկավարը Հարությունի դպրոցական տարիները հիշեց, ասաց՝ լավ էր սովորում, բոլոր ուսուցիչների կողմից հարգված ու սիրված աշակերտ էր, և, որ այս պահին Փոքր Մանթաշում սուգ է.
«Պատերազմը որ սկսվեց, ահագին ժամանակ Հարությունից խաբար չկար, բայց հետո զանգեց: Վերջին անգամ հոկտեմբերի 1-ին էր զանգել, հոր հետ էր խոսել, ասել էր՝ նորմալ է, ամեն ինչ լավ է, ի՞նչ պետք է ասեր ծնողին: Իմ և մեր համայնքի կողմից ևս մեկ անգամ ցավակցում եմ Հարությունի ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակից ընկերներին»:
Ժիրայր Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Հարություն Սարոյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ հայրենի Փոքր Մանթաշում: