«Մենք միշտ ամուր կանգնած ենք մեր դիրքերում». Արցախում զոհված Վարդանի խոսքերն են

«Արցախում զոհված  33-ամյա Վարդան Պողոսյանը շատ ուժեղ հրետանավոր էր, պարզապես, որ անընդհատ մի կետից  խփել են, թշնամին անօդաչուով ֆիքսել ու խփել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

«Վարդանն ամուսնացած էր, ունի 3 աղջիկ՝ մանկապարտեզի տարիքի: Իմ հարևանն էր, շատ լավ տղա էր, մանկուց՝ ծնված օրից գիտեմ, բոլորին հասնող, թասիբով տղա էր: Մեր փողոցում «տասնըքանի» ընտանիք են, բոլորը մի մարդու նման են եղել, ու  բոլորի մեջ Վարդանը տարբերվող էր, պետք չէր իրեն բան ասել, որ օգներ, ինքը գիտեր՝ որտեղ ինչ է պետք, ում ոնց օգներ: Երեկ հոգեհանգստի արարողությունն էր, այսօր՝ հուղարկավորությունը»,- ասաց Մելքոնյանը:

Համայնքի ղեկավարը հիշեց, որ վերջին անգամ պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ էր տեսել Վարդանին՝ գնում էր դիրքեր:

«Մեր կենտրոնական փողոցում տեսա, մի 2 բառ խոսեցինք, ասացի՝ ուշադիր կլինես. Ոնց որ մի քիչ խախանդ չենք, պատասխանեց՝ ոչինչ, մենք միշտ ամուր կանգնած ենք մեր դիրքերում, խախանդ լինի-չլինի, մենք մեր դիրքերում ենք 24 ժամ: Ասացի՝ ի՞նչ կա պակաս բան, պատասխանեց, որ այսօր մեր բանակում պակաս բան չկա»,- պատմեց համայնքի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս