«Մեխակը թասիբով տղա էր, պինդ կանգնած էր գյուղի ամեն առիթին». համայնքի ղեկավար
Արցախի ՊԲ-ն այսօր հրապարակեց նահատակված 55 զինծառայողների անունները: Նրանց թվում էր Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքից 20-ամյա Մեխակ Արեստի Սադոյանը: Համայնքի ղեկավար Արման Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում Մեխակին նկարագրեց՝ պարկեշտ և օրինակելի հայորդի:
«Հերոս տղա էր, շատ պինդ, ամուր: Ընտանիքի միակ տղան էր, իրենից փոքր մի քույր ունի: Մոտ 1.5 տարվա ծառայող էր: Մինչև բանակ գնալը վարորդական դասընթացների էր գնում: Թասիբով, նամուսով տղա էր, իր ծնողներին էր օգնում, համագյուղացիներին էր օգնում, պինդ կանգնած էր գյուղի ամեն առիթին, վարքով, բարքով, թասիբով մարդ էր: Օրինակելի ընտանիքի հայրենասեր զավակ էր»,- ասաց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում ևս հրապարակվել են մարզի զոհված տղաների անունները:
Իսկ համայնքի ղեկավար Արման Ղազարյանը մեզ փոխանցեց, որ այսօր տեղի է ունենալու Մեխակի հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը սեպտեմբերի 27-ին հրապարակել էր նահատակված 16 զինծառայողների ցանկը: Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեցին ևս 15 զոհերի անունները, 28-ի կեսօրից հետո՝ ևս 27 նահատակվածների անունները, իսկ ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ, ՊՆ-ն հրապարակել էր ևս 24 նահատակված զինծառայողների անունները: Սեպտեմբերի 30-ին հրապարակվեցին՝ ևս 23, իսկ այսօր Արցախի ՊԲ-ն հրապարակեց Արցախում զոհված 55 զինծառայողների անունները: