«Արցախի դեմ կռվող ահաբեկիչների համար քրիստոնյա աշխարհը հնչեղ ահաբեկչություն իրականացնելու գոտի է». Արմեն Պետրոսյան
Այն, ինչ սեպտեմբերի 27-ից մինչ հիմա տեղի է ունենում արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև ամբողջ տարածաշրջանի և համաշխարհային մակարդակի անվտանգության խնդիր է, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործում է ահաբեկիչ գրոհայիններին՝ ընդդեմ հայերի, բայց ոչ միայն հայերի. ապագայում այդ գրոհայինները հասնելու են նաև տարածաշրջանի այլ երկրներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ադրբեջանում ընդդեմ Արցախի կռվող ահաբեկիչ գրոհայինների խնդրին, ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Այս թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղված է նաև Իրանի դեմ։ Մենք արդեն տեսնում ենք, որ Իրանի սահմանին են հասնում նաև մեր թշնամու կողմից մեզ վրա ուղարկված արկերը, այսօր Իրանի սահմանին էր ընկել խոցված ուղղաթիռ, և այլն։ Պատահական չէ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեփական զինատեսակներն է տեղակայել սահմանին՝ հասկանալով այն սպառնալիքը, որը բխում է այդ տանդեմից։ Պետք է հիշել նաև, որ Իրանն ունի նաև հակաահաբեկչական պայքարի փորձ. այդպիսի պայքար մղել է Սիրիայում, Եմենում, իսկ այսօր ահաբեկիչներ են տեղափոխվում Ադրբեջանի սահման ու կռվում հայերի դեմ, այնպես որ, դա ես համարում եմ նախաքայլ, որը, եթե հաջողության հասնի, հաջորդիվ այդ ահաբեկիչներն ուղղվելու դեպի Իրանի սահման»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ այսօր միջազգային կարևոր հարթակներում քննարկման առարկա է դարձել Թուրքիայի կողմից ահաբեկիչների կենտրոնացումն Ադրբեջանում, և ակնհայտ է, որ ահաբեկիչներից եկող սպառնալիքը զգում է նաև միջազգային հանրությունը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի, արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ, Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով, Արմեն Պետրոսյանը նշեց.
«Սա մեսիջ է, որ միջազգային հանրությունը պետք է զսպի Թուրքիային։ Մենք հիշում ենք այս ահաբեկիչների գործողությունները Սիրիայում ընդամենը մի քանի տարի առաջ։ Այս զինյալները որոշակի փուլում դուրս են գալիս իրենց տերերի վերահսկողության տակից, ինքնուրույն խաղ խաղում, հետո նորից էլի մտնում նրանց վերահսկողության տակ։ Այս ահաբեկիչ զինյալները, որոնք կռվում են Ադրբեջանում, որևէ շանս չունեն, բացի նյութականը, նրանք մի պահ թողնելու են հայկական լեռները, որոնք իրենց որևէ բան չեն տալու, ու շարժվեն նաև դեպի Բաքու, Ռուսաստան, Վրաստան։ Ադրբեջանում հայերի դեմ կռվող ահաբեկիչների համար քրիստոնյա աշխարհը հնչեղ ահաբեկչություն իրականացնելու գոտի է, ուստի հենց այսօր միջազգային հանրությունը պետք է ձգի Էրդողանի ականջները և Թուրքիայի դեմ կիրառի պատժամիջոցներ»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում