Կորոնավիրուսի համեմատաբար քիչ թեստավորումը պայմանավորված կարող է լինել մի քանի հանգամանքով. Պարզաբանում են ԱՆ-ից

Վերջին երկու օրում ՀՀ-ում, նախորդ օրերի համեմատությամբ, նկատվեց 1 օրում հաստատված կորոնավիրուսային վարակակիրների թվի նվազում՝ մոտ 300 դեպքով: Հունիսի 30-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 415 նոր դեպք, հունիսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ՝ 482 նոր դեպք: Կարելի էր ուրախանալ նախորդ 2 օրվա ընթացքում գրանցված դեպքերի փոքր թվով, եթե դա պայմանավորված չլիներ իրականացված թեստավորումների քանակի նվազմամբ:

Հունիսի 28-ի դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսով վարակվելու 736 դեպք՝ կատարվել էր 2065 թեստավորում, հունիսի 27-ին՝ կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք՝ 2062 թեստավորման արդյունքում: Հունիսի 26-ի դրությամբ՝ մեկ օրում կատարվել էր կորոնավիրուսի 2310 թեստավորում՝ գրանցվել էր 759 դրական արդյունք, հունիսի 25-ին՝ 2336 թեստավորում՝ 771 դրական արյունքով, հունիսի 24-ին՝ նախորդ օրվա ընթացքում կատարված 2283 թեստավորումից կորոնավիրուս էր հաստատվել 711 քաղաքացու մոտ:

Այս 2 օրվա ընթացքում թեստավորումների թիվը նվազել է մոտ 700-ով: Հունիսի 29-ին կատարվել է՝ 1398, իսկ հունիսի 30-ին՝ 1273 թեստավորում:

168.am-ը փորձեց Առողջապահության նախարարությունից պարզաբանում ստանալ՝ կորոնավիրուսային թեստերի նվազման վերաբերյալ:

ՀՀ ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հայտնեց, որ նախորդ օրերին իրականացված թեստավորումների պակասը կարող է մի քանի պատճառ ունենալ: Հենվելով առողջապահության նախարարի՝ նախորդ օրն արած վերլուծության վրա, Լիլիթ Բաբախանյանը հայտնեց, թե նվազած թվի հիմնական պատճառը կարող է լինել ոչ աշխատանքային օրերին քաղաքացիների քիչ դիմելիու հանգամանքը:

«Նախորդ օրը նախարարը ասեց՝ ինչի է պակասել: Մի քանի պատճառ կարող է ունենալ՝ մարդկանց դիմելիություն, շաբաթ-կիրակի, տարբեր պատճառներ կարող է լինել, բայց միանշանակ հնարավոր չի ասել: Այնպես է, որ 1.000-1.200-ը շատ ցածր թիվ չի, միջին թիվ է:

Ըստ նախարարի վերլուծության՝ շաբաթ-կիրակի հիվանդների դիմելիությունը՝ պոլիկլինիկական ծառայությունների համար, նվազում է՝ հասկանալի պատճառներով, ու քանակը դրանով պայմանավորված կարող է քիչ լինել: Բայց արդեն երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին թվերը բարձրանում են՝ թեստերի համար դիմելիության: Բնական շարժ է»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց, որ թեստավորման ցածր թիվ կարելի է համարել նախորդ շաբաթվա արդյունքը, երբ արվել էր 500-600 թեստ՝ պայմանավորված պրոֆիլակտիկայի համար լաբորատորիաների չաշխատելով:

Նախորդ ոչ աշխատանքային օրերին, Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ, լաբորատորիաներն աշխատել են:

«Այս շաբաթ լաբորատորիան նորմալ աշխատել է, ենթադրում եմ, նախարարի վերլուծությունից, որ դիմելության հարց է եղել: Տարբեր պատճառներ կարող են լինել»,- հավելեց Լ. Բաբախանյանը:

Տեսանյութեր

Լրահոս