««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց առողջության, կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի, որպեսզի ապահովեն պետության բնականոն գործընթացը». Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անկեղծ խոստովանում է՝ խնդիր է տեսնում այն հարցում, որ պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց հետ կոնտակտավոր անձինք շարունակում են գնալ խորհրդարան:

«Ցանկալի կլիներ, որ որևէ մեկը չհիվանդանար, դահլիճն ավելի մեծ լիներ, բայց երբ հասկանում ես, որ երկրի, պետության կառավարման հետ կապված խնդիրներ կան, և այդ խնդիրների մեջ դու՝ որպես պատգամավոր, դերակատարում ունես, պարտավոր ես գաս նիստի և պարտքդ կատարես: Եթե այդ պարտքը չլիներ, բնական է, ավելի հաճելի կլիներ գնալ տանը նստել կամ մեկ այլ վայրում մեկուսանալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հարցին՝ պատասխանատվության կենթարկվեն այն պատգամավորները, որոնք լինելով կոնտակտավոր, շարունակել են ներկայանալ ԱԺ նիստերին, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ, եթե փաստվի, որ պատգամավորն իմանալով, որ վարակված է, սակայն գիտակցաբար եկել է նիստերին, իհարկե, պետք է ենթարկվի պատասխանատվության:

«Ինքս որքան հասկացել եմ իմ գործընկեր Վիկտոր Ենգիբարյանի հայտարարությունից, տվյալ դեպքում լրատվամիջոցն է սուտ տեղեկություն տարածել, թե իբրև նա վարակված է ներկայացել նիստերին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց առողջության, կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի, կատարել քայլեր, որպեսզի ապահովեն պետության բնականոն գործընթացը»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս