«Մեր իշխանությունների օրոք դատավորները որևէ խնդիր չունեն դիմելու դատարան». Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ վաղուց է ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են իրենց իրավունքները վարչական կարգով պաշտպանել, ինչի առնչությամբ էլ թերթերում հեգնել են, թե ինչպես կարող է Նիկոլայ Բաղդասարյանը նման բան ասել:

«Հիմա ես տեսնում եմ, որ նույն այդ դատավորները, որոնք ինձ հեգնում էին, ասել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ողջունում եմ, որ նրանք ցանկանում են այդ որոշումները վիճարկել, որևէ առարկություն չունեմ: Այս ամենը ցույց է տալիս մեր իշխանության կամքը, որ այս ժամանակահատվածում մեր իշխանությունների օրոք դատավորները որևէ խնդիր չունեն դիմելու դատարան և վիճարկելու իրենց ենթադրյալ իրավունքները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ հայտնի է, որ  նախկինում առնվազն երկու դատավոր, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սահմանված ընթացակարգից հետո դիմել են ՄԻԵԴ։

Անդրադառնալով ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպմանը, որից հետո Ա. Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը չի կարող համարվել ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Բաղդասարյանն ասաց, որ, անշուշտ, Աշոտ Խաչատրյանը չի կարող համարվել ԺՊ, քանի որ այդ պաշտոնը պետք է ստանձնի տարիքով ամենամեծ դատավորը, թեև իրավաբան պատգամավորը խոստովանեց նաև, որ չգիտի, թե ով է ՍԴ-ում տարիքով ամենաավագ դատավորը։
Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակից՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ լրատվամիջոցներն այդ նամակը ճիշտ չեն թարգմանել:

«Բուքիքիոն գրել էր, որ իրենց առաջարկներն ամբողջովին չեն ընդունել, սակայն մամուլը գրել էր, որ իրենց հանձնարարությունները չեն ընդունել: Այս կառույցը խորհրդատվական բնույթ կրող կառույց է, տարբեր պետություններ միշտ չէ, որ նրա տված խորհուրդներն ընդունում են»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս