«Մեզ համար պատվի  խնդիր է՝ հանձնաժողովը հասնի այնպիսի եզրակացության, որ հասարակության մեջ որևէ կասկածի տեղ չթողնի». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան  պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտել է իր աշխատանքները և ամռան ամիսներին ձեռնամուխ է եղել վերջնական եզրակացության կազմմանը:

«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» խորագրով վեբինարի ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մեզ համար պատվի խնդիր է, որ հանձնաժողովն այս խնդիրը լուծելուց հնարավորություն ունենա հասնել այնպիսի եզրակացության, որ հասարակության մեջ որևէ կասկածի տեղ չթողնի»,- ընդգծեց Քոչարյանը՝ ակնարկելով, որ այն ժամանակվա ուժային կառույցները տարիներ շարունակ շեղվելով իրենց խնդիրներից՝ հասարակության մոտ պատկեր են ձևավորել, որ ուժայինները միայն ժողովրդի դեմ օգտագործելու համար են:

«Գիտեք, հենց առաջին բանը եղավ, երբ 2008-ի մարտի 1-ին Զինված ուժերն օգտագործվեցին: Իսկ գիտեք, որ Զինված ուժերը որևէ պարագայում՝ նախկին և գործող Սահմանադրությամբ, իրավունք չունեին օգտագործել Երևանի փողոցներում: Մի պարզ բան կա՝ մեր Զինված ուժերը կարող են ունենալ միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի մեր Զինված ուժերը չէին կարող ունենալ, և պետք է չունենան ընդհանրապես: Բայց իրենք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում, հիմա կարող են, այլ խնդիրների լուծման հարցում, բայց ոչ երբեք՝ քաղաքացիական դրսևորումների, ցույցերի ճնշման կամ իշխանությունն ապօրինի պահելու նպատակով: Եվ դրա համար, ըստ էության, կար վստահության կորուստ, իսկ հեղափոխությունը տվեց վստահության վերականգնման հնարավորություն»,- պնդեց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով, թե իշխանության գործողությունները պետք է լինեն ոչ միայն վստահության վերականգնումը, այլև խոստացված այն բոլոր քայլերի իրականացումը, որոնք միտված են ուժային ոլորտի բարեփոխումներին: Իսկ բարեփոխումները, ըստ նրա,  կլինեն անշրջելի և կայացած, եթե ունենան հստակ վերահսկողություն:

«Այդ վերահսկողությունը պետք է լինի իրական, և ոչ թե կեղծ կամ ունենա միայն ֆեյքային դրսևորում: Իսկ ֆեյքեր կարող են ձևավորել միայն այդ շեղումները թույլ տվող իշխանությունները: Այսօրվա մեր իշխանությունները ոչ միայն այդպիսի ցանկություն չունեն, այլ իրենք եկել են իշխանության հենց այդ խնդիրների լուծումն իրականացնելու և արատավոր բոլոր դրսևորումները չեզոքացնելու համար: Միշտ էլ իշխանությունները կարող են փոխվել ժողովրդի ճնշմամբ, բայց իշխանություններն իրենց դեմքը պետք է պահեն»,- շեշտեց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս