«Պարոն Բուքիքիոյի նամակի մեջ ուղղակի թեզեր են». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ նախագահին ուղղված՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի մասին
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Խոսքը վերաբերում է դեռևս, արդեն շուրջ 2 տարի սկսված Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին»,- գլխավոր դատախազություն դիմումը ներկայացնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ երեք կուսակցությունների այդ քայլին անտարբերությամբ է վերաբերվում:
«Այդ դիմումի մեջ որևէ դարակազմիկ բան չեմ տեսնում, առավել ևս, ես տեսա, որ այն ներկայացնում էր մի մարդ, որն անցնում է քրեական երկու գործով, եթե չեմ սխալվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այս պատճառով էլ, անկեղծ ասած, բավականին անլուրջ եմ վերաբերվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի բովանդակությանը՝ ուղղված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է ներկայացվել՝ որպես կառույցի նամակ:
«Ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին: Սա նույն բանն է, որ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը կամ ԱԺ ընդունած որոշումներին: Դրա հետ կապված շահարկումը բավականին մեծ էր, և այն ոչ ինձ, ոչ ԱԺ-ին չի վերաբերում, երկու անձի անձնական նամակարագրությունը, որի կողմը որոշել է, որ այն պետք է հրապարակի: Պարոն Բուքիքիոյի նամակի մեջ ուղղակի թեզեր են»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը և ընդգծեց, որ այդ նամակը որևէ քաղաքական հետևանք չի կարող ունենալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում