Բաժիններ՝

Վագոն-տնակների համար գույքահարկ չի վճարվի. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Այսօր կառավարության մամուլի սրահում համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը այսքան բուռն քննարկված գույքահարկի բարձրացման մասին կոնկրետ առաջարկներ ստացե՞լ է, պատգամավորը պատասխանեց, որ ստացել է, և որքան էլ զարմանալի է, դրանք մեծամասամբ մեղմացնող բնույթի չէին:

«Առաջարկների մեծ մասը եղել են խստացնող բնույթի: Առաջարկ է եղել դիտարկել ոչ միայն մարդկանց գույքերը՝ որպես առանձին միավորներ, այլ նայել՝ կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել ու դրանով հարկել, ինչի հետևանքով շեմն ավելի բարձր կլիներ, բարձր տոկոս կլիներ: Չենք ընդունել այդ առաջարկը: Առաջարկել են սահմանել օգտագործվող և չօգտագործվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկ, եթե շինությունը օգտագործվում է, ապա նրա գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, ապա մի քանի անգամ ավել: Սա թողել ենք հետագայի համար»,- ասաց Թունյանը:

Պատգամավորի խոսքով՝ մյուս կողմի առաջարկները եղել են այն, որ այս պահին այս ռեֆորմը պետք չէ անել.

«Իսկ մենք գտնում ենք, որ այս ռեֆորմը մի բան էլ ուշացած էր»:

Մյուս հարցին, թե հարկվելո՞ւ են, օրինակ, վագոն-տնակները, որտեղ ևս մարդիկ են բնակվում, պատասխանեց  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Կադաստրի կոմիտեում հաշվառված և գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է, այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, բայց հաշվառված են և ներկայացված են Կադաստրի կոմիտե, ընդգրկված են հարկման բազայում: Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին, և դրանք հարկման հիմք հանդիսանալ չեն կարող»,- ասաց Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս