Վահագն Հովակիմյանը ՍԴ մասին օրենքի փոփոխության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթը նվիրեց «Պրեսսինգի» եթերում ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի դիտարկումներին

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Վահագն Հովակիմյանն ԱԺ իր եզրափակիչ ելույթում, սակայն, անդրադարձավ «Պրեսսինգի» հաղորդաշարի եթերում ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի դիտարկումներին՝ ասելով, որ հանրությունը պետք է տեղեկացված լինի.

«Հրայր Թովմասյանը երբ որ  Սահմանադրական դատարան է եղել, մի խորհրդական է իր մոտ նշանակել՝ մի անձի՝ Գրիգոր Մուրադյան անուն-ազգանունով:

Պարզվեց՝ սույն անձը հունիսի 25-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններից մեկին՝ հայտնի շրջանակների հետ փոխկապակցված:  Այդ հարցազրույցի ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ, լուտանքներ հնչեցնելու տեսակյունից՝  կարելի է ասել, մոլագարության աստիճանի է հասնում լեքսիկոնը սույն անձի, բայց չի թաքցնում, օրինակ, 2018 թ. թավշյա հեղափոխության նկատմամբ ատելություն է տածում, այսինքն՝ ըստ էության մեր ժողովրդի նկատմամբ է այդ ատելությունը տածում, և այլն: Այս ամենը նույնիսկ, ես կասեմ, որ էդ դեպքում զուտ էդ լուտանքների վրա պետք չի ուշադրության դարձնել, նույնիսկ դրանից վիրավորվելն էլ մեր կողմից մեղք կլինի»:

Ըստ իմքայլական պատգամավորի՝ Գրիգոր Մուրադյանը այնքան «տարված է խոսում», որ խոսքի մեջ մի արտահայտություն է անում, որը նա ցանկացավ մեջբերել բառացի.

«Մեջբերման սկիզբը. Մեկ փակագիծ բացեմ՝ ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել, և ամենակարևորը՝ հարկադրել, որպեսզի այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին:

Հասկանո՞ւմ եք, խոսքը հանրային ծառայողի մասին է, ՀՀ հանրային ծառայողի մասին, ով պետական բյուջեի միջոցների հաշվին աշխատավարձ է ստանում, ով ՀՀ ժողովրդի վճարած հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում: Մարդն ասում է, որ իրենք՝ չգիտեմ էլ՝ իր հետ ովքեր են, Հայաստանի իշխանությանը, այսինքն՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևավավորված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել:

Ինձ հետաքրքիր է՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու էդ մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել, ի վերջո, գործ ունենք հանրային ծառայողի հետ, որը, եթե չեմ սխալվում՝ նաև պետական գաղտնիքներին ծանոթանալու որոշակի թույլտվություն ունի: Այս անձը ՀՀ իշխանություններին վնասելու իր ձգտումը մինչև ո՞ւր է իրականացրել, մինչև ո՞ւր է պատրաստ իրականացնել: Սա անթույլատրելի է, սա էի ցանկանում տեղեկացնել»:

Հիշեցնենք, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն էր, ով անդրադրաձել էր ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացներին, օրենքի, սահամանադրության տարբեր դրվագներով մեկնաբանելով դրանց բովանդակությունը:

Անդրադառնալով ԱԺ վերջին քննարկումներին՝ Գրիգոր Մուրադյանը նկատել էր, որ դրանք ուղեկցվեցին Սահմանադրության ոտնահարմամբ, իրավագիտական մտքի իսպառ ոչնչացմամբ.

«Եվ պատահական չէր, որ որևէ իրավաբան պատգամավորներից (թեև սա պատգամավորական նախաձեռնություն էր), որպեսզի ինքը իրեն չոչնչացնի, գոնե շանս ունենա հետո փողոցում քայլել և նայել մարդկանց աչքերին, չստանձնեց այդ բեռը և, այսպես ասեմ, նորից մի փոքր մեղմելով իմ խոսքը՝ ոչ շատ փայլուն որակներով աչքի ընկած մի լրագրող, ներկայումս պատգամավոր, դրել են իր ուսերին այդ բեռը, և ինքը տնավարի, գեղջկական ձևով ներկայացնում է ՍԴ փոփոխությունների նախագիծ՝ այսպիսի կարևորության, որը կանխորոշելու է ներկա և ապագա սերունդների ճակատագիրը՝ շատ հնարավոր է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս