«Դասական անգործություն. խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն չեն կատարում». Արամ Վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում է կայացրել հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած դիմումները:

Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ դեռևս 2019-ի մայիս-հունիս ամիսներին ՍԴ 2 դիմում էին ներկայացրել:

«Այդ երկուսը վերաբերում էին Քր. օրենսգրքի 300.1 հոդվածին: Ասեմ, որ առավել քան հիմնավոր դիմումների մասին էր խոսքը, բայց, ցավալիորեն, 2020-ի հունիսին մենք ականատես ենք լինում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն այնպիսի շահարկումների առարկա է դարձել, որ ընդհուպ մինչև պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն չեն կատարում: Ես մի վատ օրինակ բերեմ. դա նման է նրան, որ մեր առջև մի խանութ սկսեն այրել, մի մեքենա սկսեն այրել կամ թալանել, և այդ ժամանակ ես ասեմ՝ գիտեք, այդ մեքենայի սեփականատիրոջը միգուցե ճանաչում եմ, բայց ես հիմա հաղորդում  չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք, թող մի քիչ ժամանակ անցնի՝ կտեսնենք: Նույն վիճակն է, նույն վերաբերմունքը: Հենց այս բոլոր շահարկումներից ելնելով՝ մենք այսօր ներկայացրեցինք այսպիսի դիմում, որն արվում է ոչ թե ինչ-որ միավորի համար, այլ հանուն իրավական պետության, սահմանադրական կարգի: Եվ դա առավել քան այն հիմնավորումներից մեկն էր, որն ուներ նաև Ռոբերտ Քոչարյանը, ում համար անընդունելի է ցանկացած տեսակով, ձևով կամ բովանդակությամբ իր անունը կամ գործը շահարկելը, առավելևս՝ հիմք ընդունելն անգործության համար, դասական իմաստով անգործության: Ես՝ որպես սահմանադրագետ, կասեմ՝ առհասարակ, երբ կա լիազորություն, երբ կա գործիք, օրինակ, դիմել ՍԴ, դա ոչ թե լավ կամ պինդ զգալու համար է, այլ այն   նախևառաջ պարտականություն է ենթադրում»,- շեշտեց Վարդևանյանը՝ հավելելով, որ պարտականությունների կատարումը չպետք է պայմանավորված լինի ինչ-որ շահարկումներով, երբ մեկնաբանություններով խուսափելու փորձ է արվում:

«Չկա’ էլ այդ շահարկումը»,- ընդգծեց  փաստաբանը՝ շարունակելով, որ այսօր ունենք իրավիճակ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը, ասում էին, թե  կատարված ամբողջ գործընթացը հակասահմանադրական էր, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնում:

«Հարգելիներս, իսկ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար առավել բարձր արժեքներ գոյություն ունեն: Այո, ՀՀ-ի  իրավական պետության սկզբունքի  հանդեպ մենք այնպիսի վերաբերմունք ունենք, որ, եթե նման շահարկումներ կան, մենք պատրաստ ենք հետ վերցնել դիմումները, որպեսզի էլ ոչ ոք չփորձի որևէ կերպ  Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություններն անգործությամբ արձագանքելն արդարացնելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանն» այս փուլում չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

Տեսանյութեր

Լրահոս