«Ժողովուրդ ջան, որ սառնարանը բացում եք՝ լի՞քն է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր ավելացե՞լ են». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ 2 տարի շարունակ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք, ժողովրդավարության հետ աղերս չունի:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ընդունեց, որ սխալվել է, երբ ժամանակին հույսեր է փայփայել, թե Արմեն Սարգսյանը կարող է իրականացնել Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորությունները. «Պետական մտածողության և խիզախության բացակայությունը վերաբերում են թե՛ Արմեն Սարգսյանին, թե՛ «Լուսավոր Հայաստանին»»:
Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի դատավորներն ապացուցել են, որ ունեն բացառիկ պետական մտածողություն. «Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ՝ գնալու է բախումների, ինքը դրա մասին անկեղծ էլ ասում է: Որևէ նորմալ ժողովրդավարական երկրում, երբ ընդդիմությունը ակցիաներ է կազմակերպում, իշխանությունը այդ ակցիաները, խաղաղ երթերն ու հավաքները պետք է սպասարկի, այլ ոչ թե իր կողմնակիցներին էլ դուրս բերի, որպեսզի սկսվեն բախումներ: Ինքն ի՞նչ ասաց. ասաց՝ եթե դուք հանեք, ես էլ 100 անգամ ավել իմ կողմնակիցների կհանեմ ձեր դեմ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի գիտակցում, որ ինքը ոչ բարով Հայաստանի Հանրապետության վարչապետն է, և բոլորի վարչապետն է, անկախ նրանից՝ ես և դուք իրեն ընտրե՞լ ենք, թե՞ չենք ընտրել»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս երկու տարվա ընթացքում որևէ դրական բան չի արել. «Մարդիկ ավելի վատ են ապրում: Նիկոլ Փաշինյանն անգործունակ է, նա քաղաքական իմպոտենցիայի կրողն է: Ժողովուրդ ջան, որ սառնարանը բացում եք՝ լի՞քն է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր ավելացե՞լ են, ներդրումներ կա՞ն: Ռոբերտ Քոչարյանի գրավի համար 1 ժամվա ընթացքում 4 մլն դոլար է հավաքվում, 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 դոլարի ներդրում չի կարողացել Հայաստան բերել»:
Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են պետականության կորստի վտանգով, պետք է համախմբվեն. «Բոլոր օրինական գործիքակազմը պետք է օգտագործվի՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար: Սա ինքնանպատակ չէ՝ զոհասեղանին դրված է ՀՀ ապագան: Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ սթափ մտածողություն ունեն, մոռացեք, որ սա ասում եմ ես՝ որպես հանրապետական, ես ասում եմ՝ որպես քաղաքացի, պետք է միավորվել: Մենք պայքարելու ենք ոչ թե՝ պաշտոնի վերադառնալու համար, այլ՝ որ մեր, ձեր երեխաներն ապրեն ժողովրդավարական երկրում»:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե երկրում պատերազմական իրավիճակ է, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Պատերազմական իրավիճակի ժամանակ գույքահարկ են թանկացնո՞ւմ, հարկեր են ավելացնո՞ւմ: Եթե պատերազմի մեջ ենք, պարոնայք, բա ժողովրդին ինչո՞ւ եք համատարած տուգանում, որովհետև ներդրում չկա, չէ՞»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում