
«Բացառվում է, որ քննությունը կկազմակերպենք այլ երկրում». ԿԳՄՍ նախարարը՝ ջավախքցի դիմորդների նամակի մասին

Օրերս ջավախքցի մի շարք դիմորդներ, որոնք պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ երևանյան բուհերում, նամակով դիմել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մասնակցելու ընդունելության միասնական քննություններին:
Ըստ նրանց՝ քանի որ սահմաները փակ են, և Վրաստանից չեն կարող գալ Երևան, առաջարկում են հանձնաժողով ստեղծել Վրաստանի տարածքում, որպեսզի կարողանան մասնակցել քննություններին:
Ջավախքցի դիմորդները նամակով դիմել էին նաև մի շարք այլ գերատեսչությունների:
168.am-ն այսօր խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, արդյո՞ք ջավախքցի երիտասարդները կկարողանան ուսում ստանալ Երևանի բուհերում:
«Լուծումներ կան, առաջին հերթին՝ մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ նրանք գան Հայաստան և հանձնեն քննությունները: Գիտեք, որ կարանտինային իրավիճակ է՝ թե՛ Վրաստանում՝ որոշակի սահմանափակումներով, թե՛ Հայաստանում, և մենք այդ լուծումների շրջանակում պետք է կարողանանք ընթացք տալ խնդրին: Երկրորդ տարբերակն այն է, որ արդեն սեպտեմբերին այլ պայմաններով և օտարերկրացիների համար սահմանված կարգով կարողանան մասնակցել քննություններին: Նորից կրկնում եմ՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նրանք հնարավորություն ստանան քննություն հանձնեն հուլիսի սկզբին, այսինքն՝ ընդհանուր հիմունքներով: Մնացած մանրամասները չբացեմ, բայց բացառվում է, որ մենք քննությունը կկազմակերպենք այլ երկրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը: