««Ռեալը» ֆավորիտ է, ինչպես և մենք: Մենք պայքարելու ենք մինչև վերջ». Ռակիտիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսվել է «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ իր մտքերով (1:0):
«Հանդիպման սկզբում մենք խնդիրներ ունեինք, մեզ համար հեշտ չէր: Բայց ես շատ ուրախ եմ, որ խփեցի մրցաշրջանի առաջին գոլը: Ցանկանում եմ դա նվիրել իմ կնոջն ու դուստրերին, քանի որ վերջին ամիսներին ես շատ բանի միջով եմ անցել: Ես հազվադեպ եմ այդպիսի հարձակողական երաշտ ունենում, դա վրդովվեցնում էր ինձ: Ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին:
«Ատլետիկի» հետ միշտ էլ դժվար է: Նրանք մեծ աշխատանք կատարեցին: Մեզ պետք էր ավելի արագ տեղափոխել գնդակը և գործել ավելի հանգիստ, միշտ չէ, որ փորձում էինք հնարավորինս արագ շրջանցել:
Առաջնությունը միշտ էլ դժվար գործ է, այդ իսկ պատճառով մենք Լա Լիգան անվանում ենք լավագույնն աշխարհում: Բոլոր հանդիպումները դժվար և բարդ են: Այն, որ մարզադաշտերն առանց երկրպագուների են, չի օգնում: Պետք է ուժ հավաքել և ավելի լավ պատրաստվել:
«Ռեալը» ֆավորիտ է, ինչպես և մենք: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Նրանք կենտրոնացած են իրենց խաղերի վրա, մենք՝ ինքներս մեր: Մենք ցանկանում ենք ամեն հնարավորը անել յուրաքանչյուր խաղում»,- ասել է Ռակիտիչը:
Սիրարփի Աղաբաբյան