Բաժիններ՝

«Թիմ»-«Վեոն» գործարքը պետք է լինի խիստ թափանցիկ. Դավիթ Խաժակյան

Նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի և «Վեոն Արմենիայի» Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման գործարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Օրեր առաջ տեղեկացանք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մերժել է «ԹԻՄ»-ի ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։

Անդրադառնալով հնարավոր գործարքին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրել է, որ կասկածի տակ է դնում ողջ գործընթացը։

«Կապը ռազմավարական ոլորտ է, այդ գործարքը պետք է լինի խիստ թափանցիկ, շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են լինելու նոր սեփականատերերը, ինչ միջոցներով են ձեռք բերում ընկերությունը։ Կարևոր է նաև, որ լինի քաղաքական շահերի հայտարարագրում, թե որ պաշտոնյայի հետ կա որևէ փոխկապակցվածություն»,- մի շարք հարցեր է բարձրաձայնել Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ այս գործընթացը պետք է լինի հանրության շահերի կենտրոնում։

Անդրադառնալով «Թիմ» ընկերության ղեկավար Եսայան եղբայրներին, նա կարծիք է հայտնել, Ucom-ի 6 տոկոսի բաժնեմասի սեփականատերերի կողմից տնօրինած միջոցները գուցե չբավարարեն VEON-ի հետ ամբողջ գործարքն իրականացնելու համար։

«Որտեղի՞ց են այդ ֆինանսական միջոցները, եթե վարկ է, ի՞նչ երաշխիքով է և ինչի՞ դիմաց է տրվում»,- ընդգծել է Խաժակյանը։

Խոսելով այս գործարքում պետության հնարավոր մասնակցության մասին՝ նա նշել է.

«Պետությունն ունի հնարավորություն այս կամ այն գործողությամբ ներգործելու այս կամ այն հանձնաժողովի վրա։ Իսկ բանկը՝ լինելով առևտրային կազմակերպություն, ունենալով տարբեր փոխհարաբերություններ պետության կամ կառավարության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդպիսի ներգործությամբ կարող է և այդպիսի միջոցներ տրամադրել»։

Դավիթ Խաժակյանի հետ տեսահարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս