Դատախազը միջնորդեց սահմանափակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Խաչատրյանի բացակայությունն էր:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս անցնել բուն դատաքննությանը։
«Կրկնելով, որ դատական քննությունը ձգձգելուն ուղղված այս գործողությունները կրել են համաձայնացված բնույթ բոլոր ամբաստանյալների պաշտպանների կողմից և դրսևորվել են նրանց բոլոր միջնորդություններով, միջնորդում եմ ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»,- միջնորդեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել՝ առանց բոլոր պաշտպանների ներկայության, և հետաձգեց դատական նիստը։
Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատախազության պնդումներին, թե իրենք հետաձգում են դատական նիստերը, որովհետև պաշտպանական կողմի համար ոչ դուրեկան փաստեր կարող են ի հայտ գալ, ասաց, թե ՀՀ-ում կա մեկ սուբյեկտ, ում պատճառով հետաձգվում են դատական նիստերը՝ «ՀՔԾ-ն, ով էս հիմար մեղադրանքը ուղարկել ա դատարան»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալներ են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար: