«Առավելագույնը 3 օրով թույլտվությունն անընդունելի է, դա բնաջնջելու է ոլորտը». տնտեսվարողը՝ շրջիկ առևտրի կետերի մասին  

Հունիսի 24-ին Երևանի ավագանին կքննարկի շրջիկ առևտրի կետերի հարցը: Կսահմանվեն գործունեության համար թույլատրելի վայրերն ու տեսակները: Ըստ նախագծի՝ շրջիկ կետեր չեն լինի այն փողոցներում, որտեղ դրանք այժմ ամենաշատն են կենտրոնացած. օրինակ՝ ցանկում չկա Հանրապետության հրապարակի հարակից հատվածը, Ամիրյան, Նալբանդյան փողոցները, Աբովյան փողոցի սկզբնամասը,  Մաշտոցի պողոտան և այլ բանուկ փողոցներ: Դեռ հունվարին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, ըստ որի՝ հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով՝ առավելագույնը 23 ժամ, իսկ թույլատրելի վայրերի, ժամերի ու գործունեության ոլորտների ընտրությունը թողնվել է ավագանու որոշմանը: «Շարժական սրճարանների միության» նախագահ Արեն Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե կտուժե՞ն այս նախագծից շրջիկ առևտրի կետերը, սրճարանները, որոնք արդեն քաղաքի որոշակի հատվածներում հասցրել էին հաճախորդներ հավաքել:

«Բնականաբար, 3 օրն անընդունելի է և ոչ կանխատեսելի նման ոլորտի համար: Դա բնաջնջելու է ոլորտը: Իսկ տեղերը, որոնք արգելված են, ամենաաշխատող փողոցներն են, եթե այդտեղ չլինեն գոտիավորված տեղեր, մնացած տեղերում չեն աշխատի: Այն էլ՝ այն դեպքում, երբ պետք է մեկ օրը մեկ, կամ առավելագույնը 3 օրը մեկ թույլտվության դիմում ներկայացնեն»,- ասաց Արեն Մելիքյանը:

Շրջիկ առևտրի կետերի ոդիսականը սկսվել էր դեռ անցած տարի ապրիլին, երբ առանց նախազգուշացվելու՝ հոսանքազրկվել էին շրջիկ առևտրի կետերը, անգամ նրանք, որոնք ՀԷՑ-ի հետ պայմանագիր ունեին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ այն ժամանակ նշել էր, որ շրջիկ առևտրի կետերը հենց նրանով են շարժական, որ պետք է ամեն օր տարբեր վայրում առևտուր իրականացնեն, իսկ լարանցում ունենալը նշանակում է, որ եկել են, կայանել երկարատև գործունեության համար։

«Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր պահանջները, բողոքները, բայց հաշվի չեն նստում մեզ հետ: Սիսակ Գաբրիելյանը նաև խոսք էր տվել, որ այդ կետերը պետք է հոսանքով կահավորված լինեն, բայց ոնց որ այդ խոստումն էլ չեն անում իրենք, կարծես առանց հոսանքի են լինելու կետերը: Խոստացել էին, որ պետք է բանակցություններին մենք ներգրավված լինենք, բայց դա եղել է ընդամենը նամակագրության միջոցով: Հարց ու պատասխանի ժամանակ մեզ միշտ լղոզված պատասխաններ են տվել»,- ասաց Մելիքյանը:

Նախագծով սահմանվում է նաև, որ տրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը պետք է ամենաշատը 10 մետր երկարություն, 2.5 մետր լայնություն ու 3 մետր բարձրություն ունենա: Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվելու մատուցել վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արտարժութային ծառայություններ, կապի և հեռահաղորդակցման ծառայություններ, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ։

«Մեր տրամաբանական դիտողություններին երբևէ չեն պատասխանել: Թե, օրինակ՝ ինչո՞ւ պետք է 3 մետր լինի բարձրությունը, կամ ինչո՞ւ ոլորտներից վարսահարդարումը պետք է բացառվի, նմանատիպ հարցերի չեն պատասխանել ուղղակիորեն: Նյույորքյան փորձն ենք ուղարկել իրենց արդեն պատրաստ տարբերակով, որ ուսումնասիրեն, չեն ուսումնասիրել»,- ասաց  «Շարժական սրճարանների միության» նախագահը:

Մեր հարցին, թե նախագծի այդ տեսքով ընդունման դեպքում արդյո՞ք կվտանգվի ոլորտի գոյությունը, Արեն Մելիքյանը պատասխանեց.

«Ոչ մեկը չի աշխատի: Կաշխատեն միայն մի անվան/բրենդի տակ հանդես եկող truck-երը: Օրինակ՝ այդպիսին կարող են լինել Tashir Pizza-ի truck-երը, քանի որ միանման են, և հաճախորդը չի կորցնի այդ truck-ը: Ռոտացիա կանեն կամ չեն անի, կմնան նույն տեղում` ասելով, թե շրջում են, բայց իրականում չեն շրջի»:

Ստացվում է, որ մրցակցությունից դուրս կմնան այն շրջիկ կետերը, որոնք մի քանի միանման մեքենա կամ կցորդ ունենալու հնարավորություն չունեն:

 

Տեսանյութեր

Լրահոս