«Մենք շատ շնորհակալ ենք ՎՀ-ից, բայց մենք ըստ էության կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը նախընտրելի է մեզ համար». Վահագն Հովակիմյան
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոնից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցեր ուղղեց: Դրանցից մեկը վերաբերում էր քիչ առաջ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) խորհրդատվական կարծիքի մեջ տեղ գտած 82-րդ կետին, ըստ որի՝ Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին: Պատգամավորը հարցրեց՝ ինչո՞ւ այսպես եղավ, և այդ դեպքում ինչո՞ւ էինք սպասում ՎՀ արձագանքին:
Հաջորդ հարցը վերաբերում էր ՎՀ այն դիտարկմանը, որ պարտադիր է այս նախագիծը Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելը, ի՞նչ է սպասվում այս մասով, և ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, ի՞նչ պետք է լինի պաշտոնաթող դատավորների հետ, և արդյո՞ք մինչև նոր անդամների ընտրություններ քվորման խնդիր չի լինելու:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՎՀ-ին շատ արդյունավետ համագործակցության համար: Ըստ էության, այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, այսինքն՝ որ պետք է ՍԴ անդամ-դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, ՎՀ-ն այս մոտեցումը պաշտպանում է, ողջունել է: Այսինքն՝ այն հիմնական առանցքը, որ կա այս նախագծում, ՎՀ-ի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս»,- պատասխանելով հնչած հարցերին՝ ասաց Վահագն Հովակիմյանը:
«Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, կներեք, բայց այս դեպքում մենք շատ շնորհակալ են ՎՀ-ից, բայց ուղղակի էստեղ որոշակի նրբություններ կան, որոնք մենք ըստ էության կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը նախընտրելի է մեզ համար՝ հաշվի առնելով մեր ներկա իրողությունը»,- նշեց պատգամավորը:
ՍԴ դիմելու խնդիր, ըստ հիմնական զեկուցողի, այս պահին չկա, քանի որ ՍԴ դիմում են 2-րդ ընթերցումից առաջ:
«Ինչ վերաբերում է 73-րդ հոդվածին, այստեղ հետադարձության խնդիր գոյություն չունի»,- նկատեց Վահագն Հովակիմյանը:
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը տարակուսեց, թե եթե չպետք է լսեին ՎՀ-ի կարծիքը, ինչո՞ւ էին հարցնում:
Այս հարցը զվարճացրեց դահլիճում ներկա իմքայլականներին ու անձամբ Վահագն Հովակիմյանին, բայց նա, այնուամենայնիվ, ասաց, որ իրենք առաջնորդվում են այդ կարծիքով:
Վերջինս ասաց նաև, որ քվորման խնդիր նույնպես չի լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում