«Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրերս կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին տեղի ունեցածը դուրս մնաց քաղաքական և հանրային ուշադրությունից, թեպետ այն շատ մտահոգիչ է երկրի արտաքին ճակատում տիրող քաոսի ֆոնին:
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, երկրի ազգային-պետական հարցերը այս կարևոր առիթով լիարժեք և ամբողջական բարձրաձայնելու փոխարեն, իր ելույթի ¼-րդը կրկին նվիրեց այսպես կոչված նախկինների դեմ պայքարին: Նա նորից չարաշահեց զբաղեցրած պաշտոնը սեփական օրակարգը պնդելու, այլ ոչ թե հայության իրական օրակարգն առավել արդյունավետ առաջ տանելու համար:
Բուն ելույթում բացակայում էր Ադրբեջանի մասին ուղղակի որևէ բացասական հիշատակում կամ դատապարտում: Նիկոլն իր ելույթով հերթական անգամ բացահայտեց, որ պայքարում է մեր դեմ, և ոչ թե Ադրբեջանի:
Սակայն Ալիևի ելույթը կանխատեսելիորեն ամբողջությամբ հակահայկական էր, հակաարցախյան:
Միջոցառման ընթացքում ի պատասխան Ալիևի հակահայ բարբաջանքին, Փաշինյանը արտահերթ խոսեց Ռամիլ Սաֆարովի գործից, ինչի մասին հայկական կողմը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, սակայն համապատասխան տեսանյութը չի հրապարակվել:
Դրան ի արձագանք Ալիևը կեղծ զուգահեռ տարավ Սաֆարովի և Վարուժան Կարապետյանի գործերի միջև, ակնհայտ խեղաթյուրելով փաստերը ու պնդելով, թե Վարուժան Կարապետյանին արտահանձնել են Հայաստան, և Հայսատանի նախագահն է ներում շնորհել նրան:
Իրականության մեջ, իհարկե, այս դեպքերի միջև որևէ զուգահեռ լինել չի կարող: Բայց այս ալիևյան սուտը մնաց անպատասխան: Թեպետ քիչ թե շատ տեղյակ մարդկանց հայտնի է, որ Վարուժան Կարապետյանին ներում է շնորհել հենց ֆրանսիական դատարանը 2001 թվականի ապրիլի 23-ին, որից հետո նա ապաստան է ստացել Հայաստանում:
Արդյունքում մենք կորցրեցինք ևս մեկ հնարավորություն մերկացնելու Ալիևի ստերը եվրոպական հեղինակավոր քաղաքական միջավայրում և խայտառակելու նրան:
Մի՞թե դժվար է հասկանալ, կանխատեսել, սովորել, որ նման հարթակներում Ալիևը ոչ մի առիթ բաց չի թողնում իր ագրեսիվ ու կեղծ օրակարգը առաջ մղելու համար: Ինչո՞ւ պատշաճ չի պատրաստվում Փաշինյանը: Ո՞ւմ է պետք իր կեղծ օրակարգը:
Հազար եմ ասել, որ Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք: Մանավանդ, եթե ակնհայտ է, որ բանավեճ է լինելու Ալիևի նման ստախոսի հետ»: