Նախագահի ցանկացած գնահատական կարող է դիտվել՝ որպես միջամտություն. Արմեն Սարգսյան
Թեև հասարակական ու քաղաքական ամենատարբեր շրջանակներում սպասումները ՀՀ նախագահից՝ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն նախագահը Արմեն Սարգսյանը մշտապես պահպանում է «խորհրդավոր լռություն» ներքաղաքական այս կամ այն գործընթացների վերաբերյալ:
168.am-ը հատկապես վերջին զարգացումների առնչությամբ մի քանի գրավոր հարցեր է հղել ՀՀ նախագահին։ Մասնավորապես՝
«1. Պարո՛ն նախագահ, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ ակնկալում են լսել Ձեր տեսակետը՝ որպես պետության գլուխ. Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է. «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է»:
2. Չե՞ք ցանկանում իրականացնել Ձեր լիազորությունները, քանի որ կրկին նույն հոդվածը սահմանում է. «2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: 3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: 4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
3. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք պահպանվում են մեր երկրի Մայր Օրենքի բոլոր՝ հատկապես Մարդու իրավունքներին վերաբերող դրույթները»։
ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացած պատասխաններում, սակայն, նշված են ընդհանրական մոտեցումներ նախագահի ինստիտուտի լիազորությունների շրջանակի մասին.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք.
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ պետության ներքին քաղաքականության մշակմանը և կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու որևէ գործառույթով: Հանրապետության նախագահի ցանկացած գնահատական կամ որակում որևէ քրեական գործի կամ քննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վերաբերյալ կարող է դիտվել որպես միջամտություն: Միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես ընդգծել է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան:
Հարկ է նաև նշել, որ նախագահն իր սահմանադրական գործառույթներն իրականացնելիս՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, տարբեր հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր պաշտոնատար անձանց, ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախագահը հատկապես կարևորում է իր հաճախակի հանդիպումները Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որն օժտված է մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելու, ինչպես նաև իրավունքների և ազատությունների վերականգնմանը նպաստելու սահմանադրական լիազորությամբ:
Նախագահն առանձնապես կարևորում է իր հիմնական սահմանադրական գործիքներից մեկը՝ խոսքը, որը նա արտահայտում է ուղերձների, ելույթների, հայտարարությունների, մամուլին տրվող հարցազրույցների միջոցով:
Դրանցում Հանրապետության նախագահը մշտապես ընդգծել է իր հիմնական սկզբունքները՝ իրավունքի գերակայություն, միասնականություն, հանդուրժողականություն, համերաշխություն, փոխադարձ հարգանք միմյանց խոսքի ու անձի հանդեպ, քննադատության թիրախ պետք է դարձնել երևույթները, ոչ թե անձերին, և այլն:
Այս բոլորը Հանրապետության նախագահը կենսականորեն անհրաժեշտ է համարում երկրի ու հասարակության առաջընթացի համար»:
Հ.Գ. Քանի որ մեզ հղված պատասխանում նշվում է, որ «նախագահն առանձնապես կարևորում է իր հիմնական սահմանադրական գործիքներից մեկը՝ խոսքը, որը նա արտահայտում է ուղերձների, ելույթների, հայտարարությունների, մամուլին տրվող հարցազրույցների միջոցով», կարող ենք ենթադրել, որ գուցե մի օր լսելի կլինեն հստակ ձևակերպումներ, տեսակետներ ամենատարբեր քաղաքական զարգացումների վերաբերյալ: