«Լևոն Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը փոխանակվում են հաղորդագրություններով. դավաճաններ փնտրելու գծի շարունակությունն է». Արա Գասպարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Գասպարյանի համոզմամբ՝ ներքաղաքական կյանքում շատ արագ ընթանում են գործընթացներ, որոնց ակտիվորեն մասնակցում են տարբեր կուսակցություններ, այդ թվում և՝  իրենցը՝ «Ազգային օրակարգը»։

Դիտարկմանը՝ ո՞րն էր պատճառը, որ   հունիսի 14-ին 5 կուսակցություն,  այդ թվում և՝ իրենք, ՀՅԴ գրասենյակում մասնակցեցին քննարկմանը, սակայն հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարությանն իրենք չէին միացել՝ Արա Գասպարյանը պարզաբանեց.

«Մենք ակտիվորեն մասնակցելու ենք գործընթացներին, իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը չմիանալուն, ապա մեր կուսակցության խորհուրդը հայտարարություն արել էր դրանից ավելի վաղ։ Գործընթացին ակտիվորեն մասնակցում ենք՝ հասկանալով, որ համատեղ ուժերով պետք է ստեղծված իրավիճակի  լուծումները գտնենք, քանի որ այսօր չկա մի քաղաքական ուժ, որը կարող է խնդիրներն իր վրա միայնակ վերցնել և լուծել դրանք. սա կոլեկտիվ ջանք է պահանջում»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ քաղաքական վերադասավորումների այս փուլում ակտիվ հանդիպումներ են ունենում, սակայն՝ որոշակի ուղղվածության անձանց և քաղաքական ուժերի հետ։

«Հանդիպումներ ենք ունենում բոլոր այն ուժերի հետ, որոնք ունեն ազգային բովանդակություն, պատրաստ ենք բոլոր նմանատիպ ուժերի հետ մտնել գործընթացի մեջ՝ երկիրը ճգաժամային իրավիճակից հանելու համար»,- ասաց Գասպարյանը՝ հրաժարվելով մատնանշել այն կուսակցություններին, որոնց հետ  պատրաստ են գործակցության՝ իրենց պահանջին հասնելու՝ ամբողջ իշխանության հրաժարականի համար։

«Մենք պահանջում ենք ամբողջ իշխանության հրաժարականը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը պետք է լինի մի քանի ամսվա կառավարություն և այդ մի քանի ամսվա ընթացքում պետք է պայքարի կորոնավիրուսի դեմ, թույլ չտա երկրի տնտեսության գահավիժում, Արցախի բանակցությունների հարցով պետք է զբաղվի, ինչից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ իհարկե, մինչ այդ փոփոխության ենթարկելով «Կուսակցությունների մասին» օրենքն ու Ընտրական օրենսգիրքը»,- ասաց Գասպարյանը։

Թե ինչպե՞ս է «Ազգային օրակարգ» կուսակցությունը հասնելու կառավարության հրաժարականի պահանջին, ի՞նչ ռեսուրսների հաշվին, երբ մի դեպքում՝ երկրում շարունակվի երկարաձգվել արտակարգ դրությունը, մյուս դեպքում՝ կառավարության ղեկավարն ինքնակամ հրաժարական չտա, Արա Գասպարյանը պատասխանեց.

«Այդ հրաժարականին մի դեպքում կարելի է հասնել, երբ կա հասարակական պահանջ, իսկ հիմա քաղաքական ուժերը զբաղված են հասարակական պահանջի գեներացմամբ, երբ այն կլինի, մնացածը տեխնիկայի հարց է. կլինեն կառավարության նկատմամբ ճնշումներ, տարբեր տեսակի գործընթացներ, որոնք, ի վերջո, կբերեն հրաժարականի։ Չեն եղել կառավարություններ, որոնք հրաժարականներ չեն տվել, չկա բետոնապատ ամուր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը, որն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ, լուրջ չէ, երբ իր դեմ ցանկացած քայլ համարում է ժողովրդի դեմ քայլ»,- ասաց Գասպարյանը՝ հիմնավորելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունն այսօր մեկուսացված է բոլոր  քաղաքական ուժերից և բոլորի հետ ունի խնդիրներ։

«Ընդդիմադիրներից մեկին ծեծեցին, մյուսին փորձում են կալանավորեն, երրորդին անվանարկում են, չորրորդին շանտաժ են անում։ Սրան ավելանում են նաև իշխանության տապալումներն արտաքին քաղաքականության մեջ, իսկ այս վիճակը բերելու է նրան, որ մեկուսանալով  մյուս բոլոր ուժերից՝ իշխանությունը մեկուսանալու է նաև հասարակությունից, իսկ հասարակությունից մեկուսացած ուժն ինչպե՞ս կհեռանա, դա ընդամենը տեխնիկայի հարց է»,- ասաց Արա Գասպարյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ այսօր վտանգված են ընդդիմադիր բոլոր կուսակցությունների գործողությունները, ուստի այս հարցում մտահոգվելու առիթ ունեն բոլորը՝ ընդդիմադիրները, ինչպես նաև՝ իշխանության ներսում գտնվողները։

«Բոլորն էլ հետապնդումների են ենթարկվելու, այսօր այն մարդիկ, որոնք ուրախանում են Գագիկ Ծառուկյանին, վաղը՝ Արթուր Վանեցյանին, մյուս օրը՝ «Ազգային օրակարգի», հաջորդ օրը՝ այլ մեկի նկատմամբ հետապնդումների փաստով, պետք է գիտակցեն, որ դրանից հետո իրենք են հետապնդվելու, որովհետև դա այս իշխանությունների գործելաոճն է, որը  կախված է բոլորիս գլխին։ Այս իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին եթե հաջողեց չեզոքացնել, հաջորդն ինքն իրեն է ոչնչացնելու, որովհետև ներսում  սկսվելու է  վհուկների որս։  Իրավապահ կառույցները զբաղվելու են նաև «Իմ քայլով», որովհետև սա 37 թվականի հետապնդումների շարքից է, և Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի այդ թիվ»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով հարցին, որ իշխանությունն ու նրան սատարողներն անընդհատ կրկնում են, որ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պատերազմի ժամանակ  իշխանությանը քննադատողներին անվանել է դավաճան, Արա Գասպարյանը նշեց.

«Սա հերթական անգամ հասարակությունը բաժանելու, դավաճաններ և մեղավորներ փնտրելու գծի շարունակությունն է։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում՝ տալիս է Փաշինյանին, և՝ հակառակը. չէ՞ որ նրանք իրար հետ խորը հոգևոր կապի մեջ գտնվող անձնավորություններ են և հիմա միասին հաղորդագրություններ են փոխանակում։ Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ինչ է՝  Վրաստանում պատերա՞զմ էր»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս