«Մտել ենք ԱՄՆ-Չինաստան կռվի մեջ, իսկ հայ-ամերիկյան օրակարգը խղճուկ վիճակում է». Սուրեն Սարգսյան
Հունիսի 12-ին Հայաստանը միացավ «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին», որն արդեն ստացել է Դոնալդ Թրամփի ձևավորած հակաչինական ալյանս կամ հակաչինական թատերաբեմ անվանումը։
Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ այս այլանսը ստեղծվել է՝ որպես միջազգային շարժում, որը, ըստ կանոնադրության, համանման մտածող պետությունների ակումբ է, որտեղ քննարկում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ կրոնի հետ կապված, հետո անդամ բոլոր պետություններով այդ խնդիրները բարձրացնում են ՄԱԿ-ում և այլ միջազգային կարևոր ատյաններում։
«Միացյալ Նահանգներն ունի Պետդեպում ստեղծած մի կոմիսիա, որը զբաղվում է աշխարհի կրոնների հարցերով, և հիմա, բացի այդ կառույցը, ունի նաև այս միջազգային ալյանսը, որտեղ միջազգային գործընկերներ կունենա և բարձրաձայնված հարցերին կտա նաև միջազգային շղարշ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սարգսյանը։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ԱՄՆ պետքարտուղարն այս ալյանսին անդամակցած պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բոլոր կրոնների թշնամին է, հետևաբար էլ՝ առաջացել է ալյանսի հակաչինական անվանումը, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ռազմավարությանը՝ ապա այն, ըստ Սարգսյանի, ակնհայտ է. ԱՄՆ-ը արդեն նաև միջազգային նախաձեռնություններով է փորձում ճնշել Չինաստանին։
«Ալյանսի անդամ պետությունները կօգտագործվեն՝ որպես գործիք, իսկ մենք գնացել մտել ենք Չինաստան-Ամերիկա կռվի մեջ»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այն պարզաբանմանը, որ այս հարթակը, որը, ի դեպ, կազմակերպություն չէ, միավորում է որոշ երկրների, որոնք միասին աշխատում են կրոնների թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր նախաձեռնություններով և իր գերակայություններով, Սուրեն Սարգսյանը նշեց, որ իր համար պարզ չէ, թե մեր գերակայությունները որոնք են լինելու այս ալյանսում։
«Եթե աշխարհում մեր սփյուռքն ունենար խնդիրներ՝ կրոնի հետ կապված, բնականաբար, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական, եթե Հայաստանում կրոնական փոքրամասնություններն ունենային խնդիրներ, կամ սա թիրախավորեր Թուրքիան կամ Ադրբեջանը, ապա մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական, բայց դա այդպես չէ»,- ասաց Սարգսյանը։
Դիտարկմանը, որ Արտգործնախարարությունը մեզ համար կարևոր է համարում՝ հատկապես որպես ցեղասպանություն ապրած երկիր, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.
«Ցեղասպանությունը դատապարտող երկիր ենք, բայց հարց է առաջանում, իսկ քանի՞ ցեղասպանություն է Հայաստանը ճանաչել. մի քանի տարի առաջ եզդիների ցեղասպանություն ենք ճանաչել, ու վերջ։ Ստացվում է՝ մենք ամբողջ աշխարհին դատապարտում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում, բայց մենք այլ երկրների ցեղասպանությունները չենք էլ ճանաչում. տարօրինակ է»։
Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարի՝ հայ-ամերիկյան օրակարգում կար 100 կարևոր հարց, և մենք կպել ենք, կարելի է ասել, վերջին հարցին։
«Հայ-ամերիկյան օրակարգը խղճուկ վիճակում է՝ առհասարակ գոյություն չունի, որովհետև եթե լիներ, ապա բարձր մակարդակի հանդիպումներ կլինեին։ Թրամփի վարչակազմն այն միակ վարչակազմն է, որի հետ անկախ Հայաստանի այս իշխանությունը բարձր մակարդակի հանդիպում չի ունեցել, և դա՝ այն դեպքում, երբ մեր պաշտոնյաները գնում-հասնում են ԱՄՆ և պետքարտուղարի, պաշտպանության քարտուղարի հետ հանդիպում տեղի չի ունենում։ Վարչապետը չի հանդիպել փոխնախագահի կամ նախագահի հետ, իսկ ավելի ցածր մակարդակում Անվտանգության խորհրդի քարտուղարը գնաց հասավ Վաշինգտոն, նրան ընդունեց ԱՄՆ Անվտանգության խորհրդի այն աշխատողը, որը դիմում գրել էր, գործից դուրս էր գալիս, և նրան ընդամենն աշխատելու մի քանի օր էր մնացել։ Իսկ այս ընթացքում կան խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև մեր արտաքին քաղաքականության այլ ուղղություններով»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն ակնհայտ խնդիրներ ունի և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ։
Սուրեն Սարգսյանը նաև նշեց, որ կասկածներ ունի, որ Չինաստանում Հայաստանի դեսպանն առհասարակ տեղյակ չի եղել, որ Հայաստանն անդամակցել է այս ալյանսին, վստահ չէ նաև, որ Չինաստանի դեսպանը ևս այդ մասին տեղեկացված է եղել։
«Չգիտենք նաև՝ արդյո՞ք Չինաստանի կողմից բողոքի նոտա հղվել է մեզ»,- ասաց նա։
Սուրեն Սարգսյանը չբացառեց նաև, որ Հայաստանը, միանալով «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին», կփորձի ինչ-որ բան ստանալ։
«Ամենավատը կլինի, եթե փող ակնկալեք, իսկ Արցախի հարցում մեր դիրքորոշումը չի փոխվի՝ անկախ այս ալյանսին մեր միանալուց, բայց չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիքով ենք միացել»,- ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում