«Ապացուցելու եմ այն հանգամանքը, որ, ինչպես ՀՔԾ ղեկավարը, այնպես էլ արդարադատության նախարարն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել». Ազարյան

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

Ընդմիջումից հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց կարգապահական վարույթ սկսելու իր միջնորդությունը, ըստ որի՝ 05.03.2020թ. կայացած դատական նիստի ժամանակ դատավորը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակիցներից մեկի և նրա վերադասի նկատմամբ:

Նախարարի ելույթից հետո վերջինիս հարցեր ուղղեց Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, որից պարզ դարձավ, որ նախարարի միջնորդության տեքստի մեջ չկան բավարար ձևակերպումներ ու նշումներ, որոնցից, ենթադրենք, դատավոր Ազարյանը պետք է հասկանար, թե ինչ խախտում է թույլ տվել:

Մի քանի հարց ու պատասխանից հետո Տիգրան Աթանեսյանը կրկին դիմեց նախարար Բադասյանին.

«Կրկնում եմ, մարտի 6-ին տեղի ունեցած իրադարձությունը, որը Դուք գնահատել եք՝ որպես կարգապահական խախտում, և Ձեր միջնորդության մեջ ԲԴԽ-ին խնդրում եք պատժել դատավորին, ե՞րբ է իմացել դատավորը, և ե՞րբ կարող էր իմանալ դատավորը, որ Դուք նման միջնորդությամբ դիմելու եք, կամ Դուք այդ հարցը քննարկելու եք»:

Տ. Աթանեսյանի հարցին, թե ինչո՞ւ իր անունը՝ որպես դատավորի ներկայացուցչի, չկա միջնորդության մեջ, Ռուստամ Բադասյանն ասաց, որ ցավում է «աններելի» սխալի համար ու ներողություն է խնդրում վրիպակի համար:

Հաջորդ հարցն այն մասին էր, թե ինչո՞ւ նախքան կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելը չեն լսել դատավորի բացատրությունները, ինչին նախարարը պատասխանեց, որ կարիքը չեն գտել. փաստերն առկա են:

Պատասխան չհնչեց նաև այն հարցին, թե ինչով է առաջնորդվել նախարարը վարույթը հարուցելու միջնորդությունը ներկայացնելիս:

Այնուհետև արդարադատության նախարարին հարցեր ուղղեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Ապա հայտարարվեց ընդմիջում մինչև 17:00-ը:

Արդեն ԲԴԽ բակում լրագրողների հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ նախարարին ու ԲԴԽ-ին ապացուցելու է այն հանգամանքը, որ ինչպես ՀՔԾ ղեկավարը, այնպես էլ արդարադատության նախարարն իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ դատական նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել, իսկ հենց դա է հիմքը, որով իր նկատմամբ վարույթ են հարուցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս