«Արթուր Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարական պահանջելը, պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով, եթե ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտարարում է, որ «երկիրը վարի է գնում», և այդ ֆոնին բազմաթիվ քաղաքացիներ ԲՀԿ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է և հույս կա:
«Իրականում ժպիտով եմ վերաբերվում, գուցե Արման Աբովյանի և իր գործընկերների աշխարհը փլվում է, որտեղ իրենք ապրել են, բարգավաճել, թղթեր ստորագրել, երդումներ տվել: Այդ աշխարհը փլվում է, որովհետև ՀՀ-ում այլևս օրենքը միանշանակ բոլորի համար է: Եթե կա կասկած, որ դատախազը դիմի ԱԺ-ին, ի դեպ, իրենց կողմից քվեարկած դատախազը, ապա մենք պետք է հնարավորություն տանք, որպեսզի գործը քննվի: Եթե մարդն անմեղ է և որևէ բան չունի թացնելու, ապա այս ամենը միայն իր համար է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա, որքան էլ Արման Աբովյանը խոսի և իրենց մեղադրի, ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի՝ ով ինչ է արել ընտրությունների ժամանակ, ով ինչով է զբաղվել և այսօր ով ինչ է անում:
Անդրադառնալով մի քանի ուժերի՝ ՀՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ-ի և այլոց կոչերին, որ իշխանությունը պետք է անցնցում հեռանա, Ալեն Սիմոնյանը նշեց.
«Արթուր Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարականի պահանջելը պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից, որը նրան շնորհվել է նույն այդ Կառավարության ղեկավարի կողմից:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ցավում եմ, որ գնում-գնում, հետո գալիս են այդ նույն ջարդած տաշտակի շուրջը հավաքվում են բոլորով: Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են «ընդդիմության» կայացման, միավորման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու, կարծում եմ՝ պետք է հետևություն անեն: Նույն ձևով աշխատելը որևէ արդյունք չի տալու, թող բոլորը պահանջեն, որքան իրենք և իրենց նման քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը բարձրանալու է:
Իրենք պետք է ազատեն ընդդիմության դաշտը, Դաշնակցության այսօրվա վերնախավը, Արթուր Վանեցյանը, Արա Սահակյանի, իր սանիկի այն կազմով, որով աշխատում է, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ԲՀԿ-ի մեր գործընկերները… ընդդիմադիր դաշտը պետք է ազատ լինի նոր մարդկանց համար: Ձեզ խոստանում եմ՝ ՀՀ ընդդիմադիր դաշտն ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան և ինչ-որ ժամանակ կփոխարինեն նաև ինձ»,- եզրափակեց նա: